Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարից․ ցավակցություններ Հայաստանից

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և մի քանի այլ պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Վթարի հետևանքով զոհվել են նաև Իրանի նախագահին ուղեկցող անձինք, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Ըստ Tasnim գործակալության՝ զոհվել է ութ մարդ։

Իրանական Կարմիր մահիկը հաղորդել է, որ ուղղաթիռի վթարից զոհված բոլոր մարդկանց մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական գործողությունն ավարտվել է։

Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանի նախագահի շարասյան երեք ուղղաթիռներից երկուսն ապահով հասել են իրենց նշանակետին։ Նրանք տեղափոխում էին Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիյանին և Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշին։

Իրանի օրենսդրության համաձայն՝ եթե նախագահը մահանա, իշխանությունը փոխանցվում է առաջին փոխնախագահին։ Իրանի ներկայիս առաջին փոխնախագահը Մոհամմադ Մոխբերն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է:

«Ձե՛րդ Վսեմություն, ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։

Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն։

Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան կապակցությամբ։ X-ի իր էջում Միրզոյանը գրել է. «Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մութ պահին»։

Մեկնաբանել