«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ի առավոտյան Երևանից մեկնել են Կիրանց։ Ավտոերթը մեկնարկել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասից։
Մայիսի 19-ին ոստիկանությունը փակել էր Կիրանց տանող ճանապարհը՝ «ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից»։
ԱԱԾ-ն հաղորդել է, որ սահմանապահ զորքերը Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ․ «Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասված էր հաղորդագրությունում։
***
Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրությունը։ Վարչապետի աշխատակազմից հաստատել են, որ արձանագրության ստորագրումից հետո Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշել է, որ սահմանազատումից հետո Կիրանցում գտնվող 4 շինություն անցնելու է ադրբեջանական կողմին։
Սահմանազատման ներկա գործընթացի դեմ Տավուշում ցույցեր իրականացնողները մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել էին Երևան՝ «պատասխաններ պահանջելու»։ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։