Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը «այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»։
«2021-ի ընտրություններով ձևավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչև Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչև Աստանա և «ռեգիոնալիզացիա»։ Իշխանությունը, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։ 2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն այլևս առ ոչինչ է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարությանը։
Նա նշում է, որ «սիրով պատրաստ է հարմար առիթի դեպքում հանդիպել» վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։
«Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեև խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։ Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի ժողովրդական շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը»,- գրել է նա։
Հայկ Մարությանը, միևնույն ժամանակ, համոզված է, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում։