Ֆրանսիական և հնդկական զենքերը՝ հայկական զինանոցում․ զրույց ֆրանսիացի ռազմական փորձագետի հետ

Որո՞նք են այն գործոնները, որոնք հանգեցրին Հայաստանի պարտությանը 2020-ի Ղարաբաղյան պատերազմում։ Ինչպե՞ս Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքը նպաստեց նրա հաղթանակին։ Պատերազմից հետո Հայաստանը փորձում է վերազինվել Հնդկաստանի և Ֆրանսիայի օգնությամբ: Զենքի այս գնումներն արդյոք բավարա՞ր են, եթե հանկարծ նոր պատերազմ սկսվի։ ՍիվիլՆեթի Անի Փայտյանն այս հարցերի շուրջ զրուցել է Հարավային Կովկասի պաշտպանական հարցերով Ֆրանսիայի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ժան-Լյուկ Թեուսի հետ։

Որո՞նք են 2020-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությանը հանգեցրած ամենակարևոր գործոնները։

– Ես ֆրանսիական լեռնային զորքերի սպա եմ եղել, բավական հստակ տեսակետ ունեմ լեռնային տարածքում պատերազմի մասին: Կարծում եմ՝ Հայաստանում հստակ չէին գիտակցում, որ Բաքուն ցանկություն ուներ վերանվաճելու այդ տարածքները և այդ նպատակին հասնելու համար կանոնավոր զինվում էր։ Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանությունները չէին ցանկանում հաշվի նստել ադրբեջանական զինված ուժերում տեղի ունեցող փոփոխությունների հետ, որոնք, այնուամենայնիվ, չափազանց ակնհայտ էին։

Հայկական ռազմավարությունը շատ պաշտպանական էր և հենվում էր ամրությունների ու խրամատների ցանցի վրա, որը, ամեն դեպքում, լուրջ թերություն ուներ․ այն ամբողջապես անշարժ էր։ Եվ, հետևաբար, դրանք հեշտ խոցելի թիրախներ էին ադրբեջանական հրետանու համար, որը շատ զարգացած էր և տեխնոլոգիապես հագեցած։ Կարծում եմ նաև, որ հայկական հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք, ըստ էության, խորհրդային-ռուսական ծագում ունեին, տեխնիկապես չէին համապատասխանում ժամանակակից ստանդարտներին։ Այս տեխնիկայի՝ ռադարների, ՀՕՊ համակարգերի հետևում գտնվող անձնակազմերը տեխնիկական բավարար գիտելիք ու փորձառություն չունեին անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Այսպիսով, ՀՕՊ համակարգն ինքնին հնացած էր՝ համեմատ այն սպառազինությունների, որոնց տիրապետում էր Ադրբեջանը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի մի ամբողջ համակարգ՝ հեռակառավարվող ճախրող զինամթերք, թուրքական արտադրության անօդաչուներ և այլն։

Իսկ ի՞նչ կասեք տեղում խնդիրների համակարգման և կառավարման մասին։

– Մենք հասկացանք, որ հայկական զինուժի ղեկավարման կառուցվածքը, անկասկած, չափազանց ուղղահայաց էր և կենտրոնացված։ Լեռներում նախաձեռնությունը պետք է թողնել մարտական ամենացածր օղակին, քանի որ, ի վերջո, որոշիչ գործոնը տեղանքն է: Նրանք հաճախ մեկուսացած են լինում տարբեր հովիտներում, տարածքներում: Ուստի նախաձեռնությունը պետք է թողնել նրանց։ Հայաստանի և Ղարաբաղի հրամանատարական ողջ շղթան արդյոք ի վիճակի՞ էր իրականացնել այս նախաձեռնությունը։ Ես վստահ չեմ։

Կարծում եմ նաև, որ լեռնային պայմաններում պաշտպանական բնույթի պատերազմ վարելու սկզբունքները ենթադրում են, որ մարտական գործողությունների ժամանակ զորքը պետք է ունենա մեծ շարժունակություն: Հայկական բարձրագույն հրամանատարությունը լավատեղյակ չէր սրան, և, ի վերջո, տեղում գտնվող ստորաբաժանումներն էին վճարում դրա գինը, երբ հրամանատարությունը բավականաչափ արագ և ճիշտ որոշումներ չէր կայացնում, և երբ զորքի ղեկավարումը չափազանց կոշտ էր ու ոչ ճկուն: Եթե կա ինչ-որ բան, որ պետք է հիշել, ապա դա այն է, որ նախաձեռնությունը պետք է թողնել տեղում գտնվողներին և նույնիսկ խրախուսել այն:

2020-ի պատերազմից հետո Հայաստանը մեծացրել է իր ռազմական ծախսերը։ Հայաստանը պաշտպանությանը հատկացրել է 785 մլն դոլար։ 2021-ին այս ծախսերը կազմել են 663 մլն դոլար։ 2024-ին Հայաստանը նախատեսում է այդ նպատակով հատկացնել 1,4 մլրդ դոլար։

Ադրբեջանը նույնպես զգալիորեն ավելացրել է իր ռազմական բյուջեն։ 2020-ին Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կազմել են 2,2 մլրդ դոլար, իսկ 2021-ին՝ 2,7 մլրդ դոլար։ 2024-ին Ադրբեջանն ավելի մեծացրեց իր ռազմական բյուջեն՝ հասցնելով այն 3,7 մլրդ դոլարի։

Ինչպես նշեցիք, մեծ տարբերություն կա երկու երկրների ռազմական ծախսերի միջև։ Սպառազինությանը հատկացվող գումարն արդյոք որոշի՞չ գործոն է ապագա պատերազմի ելքի համար: Ի՞նչ այլ գործոններ են դեր խաղում:

– Կարծում եմ՝ դա կարևոր, բայց որոշիչ գործոն չէ։ Սա կհաստատեն ռազմական գործի և ռազմական տնտեսագիտության բոլոր մասնագետները, հատկապես Հայաստանի դեպքում, որը պաշտպանական դիրք է զբաղեցնում նպաստավոր տեղանքում։ Քանի որ գործ ունենք բարդ տեղանքի հետ, դա բավական հեշտացնում է իրավիճակը վերականգնելը կամ բարելավելը, եթե այն դարձել է խնդրահարույց։ Զենքն ունենալուց բացի, կարևոր է, թե ինչպես ենք մենք դա օգտագործում, ինչպես ենք սովորում օգտագործել դա: Կա նաև դոկտրինի խնդիր, և դա գումարի հետ կապված հարց չէ: Խոսքը նախևառաջ էներգիան և մտավոր ներուժը մոբիլիզացնելու և իրատեսական դոկտրին մշակելու մասին է, որը կհամապատասխանի երկրի ռազմական մշակույթին, տեղանքին, որտեղ կլինեն հնարավոր մարտական գործողությունները։ Այդ ամենը ենթադրում է պարզ վերլուծություն, որը հիմնված չէ չափազանց ինքնավստահ, ոչ էլ չափազանց միամիտ մոտեցման վրա։ Սպառազինությունը և դրան հատկացվող գումարները կարևոր են, սակայն եթե պատերազմում հաղթելու համար միայն թանկարժեք սպառազինություն կուտակելը բավարար լիներ, ապա դրա մասին կիմանային բոլորը։

Հայկական ուժերին վերապատրաստելու համար Ֆրանսիայի և Հունաստանի հետ ստորագրվել են համագործակցության պայմանագրեր։ Վերապատրաստման այս դասընթացներն արդյունավե՞տ են: Ֆրանսիայի և Հունաստանի աշխարհագրությունը տարբերվում է Հայաստանից:

– Իսկապես ճիշտ լուծում է դիմել որոշակի թվով գործընկեր երկրների՝ դոկտրին, ղեկավարման և պլանավորման համակարգեր մշակելու համար: Ֆրանսիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, որոնք ունեն օպերատիվ լավ փորձ՝ շատ տարբեր, բայց փոխլրացնող: Խոսքը միայն այն մասին չէ, որ նրանք մասնագետներ ուղարկեն Հայաստան և ասեն, թե ինչպես անել այս կամ այն բանը: Սպաների, հատկապես երիտասարդ հայ սպաների համար նույնպես հետաքրքիր է Եվրոպայում գործող օպերատիվ մեթոդներին ծանոթ լինելը: Սակայն, իմ կարծիքով, կա թակարդ, որից պետք է խուսափել։ Պետք չէ փորձել նույնությամբ պատճենել, օրինակ, այն, ինչ արվում է ՆԱՏՕ-ի շրջանակում, այլ պետք է այն հարմարեցնել տեղում առկա իրողություններին, հայկական մշակույթին և Հայաստանին ներհատուկ սոցիալական կառուցվածքին:

2020-ի պատերազմից հետո Հայաստանը բազմազանեցրել է իր սպառազինությունների գնումը և զենք-զինամթերք է գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, մի փոքր էլ՝ Ռուսաստանից։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս ռազմավարությունից:

– 2020-ի պատերազմի ժամանակ Հայաստանն ուներ զենքի գրեթե միանձնյա մատակարար՝ Ռուսաստանը։ Միայն մեկ մատակարար ունենալը վտանգավոր է, քանի որ ցանկացած պահի դու կարող ես զրկվել դրանից: Կարևոր է բազմազանեցնել գնումները, քանի որ երկրից զենք գնելը նաև քաղաքական հարց է: Տարբեր երկրներից զենք գնելը նշանակում է, որ գուցե որոշ երկրներից մի փոքր թանկ գնես այդ զենքերը, օրինակ՝ ֆրանսիական ռադարներ, և գուցե մի փոքր էժան գնես՝ ավելի մեծ քանակով․․․ դրանք, սակայն, տեխնոլոգիական այնպիսի հնարավորություններ ունեն, որ լիովին բավարար են հայկական բանակի առջև դրված նպատակների համար։ Ես հատկապես նկատի ունեմ Հնդկաստանը։ Այս զենքերը լավ հարմարեցված են, մասնավորապես, լեռնային տեղանքին, քանի որ Հնդկաստանը մի երկիր է, որը լեռնային տարածքներում պատերազմի փորձ ունի։

Երբ մենք զենք ենք վաճառում, դրա հետևում կան պայմանավորվածություններ, երկկողմ պաշտպանական համաձայնագրեր, որոնք պարտավորեցնում են երկու կողմերին: Ֆրանսիան այսպիսի համաձայնագիր ունի Հայաստանի հետ և կկատարի իր պարտավորությունները։ Արդյոք Հայաստանը պե՞տք է զարգացնի սեփական պաշտպանական տեխնոլոգիական արդյունաբերական բազան ինչպես, օրինակ, Հնդկաստանը։ Որոշ չափով դա արդեն այդպես է, արդեն կան ընկերություններ, որոնք աշխատում են դրա վրա։ Կա նաև մարդկային ռեսուրսի գործոնը։ Ինժեներներն աշխատում են, և շատ ձեռնհաս մարդիկ են զբաղվում դրանով:

Եթե վերցնեք Ուկրաինայի օրինակը, ապա միանշանակ է, որ երկիրն ուներ խորհրդային ժառանգությունը, բայց նրանք կարողացան դա օգտագործել՝ զարգացնելու իրենց արդյունաբերությունը, շատ օրիգինալ, շատ ճկուն և ադապտացվող: Լավագույն օրինակը բոլոր անօդաչու սարքերն ու հեռահար կառավարվող զինատեսակներն են, որոնք այնքան էլ թանկ չեն, և ուկրաինացի զինվորների մեծ մասն օգտագործում է դրանք: Կարծում եմ՝ սա մոդել է, որը կարող է ոգեշնչել Հայաստանին։ Ձեզ անհրաժեշտ է որոշակի ինքնավարություն, բայց դուք չեք կարող ամեն ինչ արտադրել, ինչպես որ Ֆրանսիան ամեն ինչ չէ, որ արտադրում է: Որոշ ոլորտներում նա կախում ունի այլ երկրներից։

2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրված երկկողմ համաձայնագրով Ֆրանսիան Հայաստանին տրամադրել է և կտրամադրի պաշտպանական տեխնիկա, մասնավորապես՝ երեք Ground Master 200 (GM 200) ռադար և գիշերային տեսանելիության սարքեր: GM 200-ը ռադար է, որը հայտնաբերում, նույնականացնում և հետևում է թիրախին բոլոր տեսակի միջավայրերում և տեղեկություն է փոխանցում ցամաքային ՀՕՊ-ին՝ թիրախին հարվածելու համար: Դրա կիրառումը Հայաստանում կարող ծառայել փոքր ԱԹՍ-ների դեմ պայքարին, որոնք, ինչպես ցույց տվեց 2020-ի պատերազմը, հայկական բանակի ամենախոցելի կետերից են։ Հայաստանի զինված ուժերը կստանամ, ընդհանուր առմամբ, մոտ 50 Bastion զրահամեքենա։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է Mistral տեսակի հրթիռների գնման մասին։ Այս հրթիռն օգտագործվում է սպառազինության համակարգերի լայն տեսականիում՝ նախատեսված ցածր և շատ ցածր բարձրություններում հակաօդային պաշտպանության համար: Հայաստանը նաև պաշտպանական և հարձակողական զենքեր է գնել Հնդկաստանից։ Swathi ռադարը նախատեսված է հակառակորդի կողմից արձակված հրետանային արկերը և հրթիռները հայտնաբերելու և դրանց հետևելու, ինչպես նաև դրանց արձակման վայրը տեղորոշելու համար։ Հայաստանը գնել է նաև Pinaka հրթիռային կայանքներ, հակատանկային զենքեր և այլ զինամթերք, MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, վեց հատ ATAGS 155 մմ հաուբիցներ, որոնց ընդհանուր թիվն այս պահին 90 է, հնդկական Zen հակաօդային պաշտպանության համակարգ, Akash զենիթահրթիռային համակարգեր։

Ի՞նչ եք կարծում, այս գնումները տեղի՞ն են և արդյունավետ կլինե՞ն Ադրբեջանի դեմ պայքարելու համար։

Այո՛, այս գնումները շատ տեղին են։ Ռադարները, որոնք հայտնաբերում են ինքնաթիռները, պարտադիր չէ, որ հայտնաբերեն ավելի փոքր օբյեկտներ, որոնք դանդաղ են թռչում կամ պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք ռադարներն ավելի դժվար են որսում։ Ֆրանսիան պետք է վաճառի նաև լույսի ուժեղացուցիչներ։ Այս տեխնիկան շատ կարևոր է, եթե ցանկանում ենք արդյունավետ լինել գիշերը լեռնային տարածքում մարտերի ժամանակ։

Հնդկական սպառազինությունը հիմնականում կազմված է հրետանային տեխնիկայից։ Եվ դա նաև շատ տեղին ընտրություն է, քանի որ կարող ենք հստակ տեսնել, որ կան կիրառման տարբեր շրջանակներ: Հայաստանն ունի մի քանի հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 120 կմ-ի, ինչը որոշ չափով համարժեք է խորհրդային «Սմերչ» համակարգին, որն օգտագործում էր Ադրբեջանը։

Դուք նաև ունեք հնդկական համակարգ, որը ֆրանսիական Caesar-ի համարժեքն է և օգտագործվում է նաև Ուկրաինաում։ Խոսքը MArG 155 ինքնագնաց հաուբիցի մասին է, որն ավելի փոքր է, իսկ հեռահարությունը՝ մի փոքր ավելի քիչ։ Սակայն այն չափազանց շարժունակ է նեղ ճանապարհներով և լեռնային տարածքում տեղաշարժելու համար: Բացի այդ, դուք ունեք քարշակվող զինատեսակներ, որոնց կրակի հեռահարությունը բավական մեծ է և ունեն, մասնավորապես, արկերի շատ հետաքրքիր տեսականի, նկատի ունեմ խելացի, ժամանակակից տեխնոլոգիաներով արկեր: Այնպես որ, քննարկված հրետանային տարբեր համակարգերը միասին ապահովում են գործառույթների և կարողությունների համապարփակ շրջանակ, որոնք բավարարում են օպերատիվ տարբեր կարիքներ տարբեր սցենարների դեպքում:

Զենքերից բացի՝ պետք է համոզվել, որ կա համակարգ, որը թույլ կտա արագ և ճշգրիտ կրակ արձակել, մասնավորապես՝ անօդաչու սարքերով թիրախները գտնելու համար: Այնուհետև պետք է կառավարել այնպիսի համակարգեր, որոնք բավականաչափ ճկուն և արագ են, ինչը կնպաստի այդ բաղադրիչների արդյունավետ կիրառմանը, որոնք շատ լավ մակարդակի են և նախևառաջ՝ լավ են հարմարեցված այն տեղանքին, որտեղ հավանաբար կօգտագործվեն:

2020-ի պատերազմում խոցելի էր հատկապես հայկական ՀՕՊ համակարգը: Հայաստանն արդյոք պետք է կենտրոնանա մարտական ինքնաթիռների էսկադրիլներ գնելու վրա՞, թե՞ ավելի լավ է շեշտը դնել ամբողջապես ՀՕՊ համակարգերի վրա:

– Մենք վերադառնում ենք ֆինանսական թեմային։ Որոշակի թվից պակաս ինքնաթիռների էսկադրիլ ունենալն անօգուտ է։ Ընդհանուր առմամբ, խոսքը նվազագույն էսկադրիլի մասին է՝ 12-ից 15 ինքնաթիռ: Սակայն դա բավարար չէ: Պահեստամասեր են պետք, հատկապես ռեակտորներ։

Ձեզ անհրաժեշտ են բոլոր զենքերը, «երկինք-երկինք» հրթիռներ՝ այլ ինքնաթիռներ խոցելու համար, կամ «երկինք-երկիր» հրթիռներ: Այս ամենն իր ազդեցությունն ունի։ Առկա է սպասարկման ամբողջ համակարգ։ Պետք է ունենալ պատշաճ պաշտպանված ավիաբազաներ այդ ինքնաթիռները տեղակայելու համար։ Պետք է ունենալ նաև պատրաստված օդաչուներ։ Դա բավական բարդ համակարգ է, որը կառուցվում է մի քանի տարվա ընթացքում: Ես կարծում եմ, որ Հայաստանի այս պահին կատարած ընտրությունը՝ կենտրոնանալ «երկիր-երկինք» պաշտպանության, հետևաբար՝ ցամաքային պաշտպանության վրա, փոխզիջումային լավ տարբերակ է՝ հաշվի առնելով ֆինանսական այն ռեսուրսները, որ Հայաստանը կարող է տրամադրել իր պաշտպանությանը։

Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի հնարավորինս շատ վնաս հասցնելն այն ուժերին, որոնք հարձակվում են իր վրա: Վնաս պատճառելը նշանակում է հակառակորդի ավիացիային հակաօդային հրթիռներով հնարավոր կորուստներ պատճառել։ Գաղափարը Հայաստանի վրա հարձակման գինը անհամաչափ դարձնելն է ակնկալվող օգուտի համեմաատ։ Եվ այստեղ արդեն գործ ունենք զսպման խնդրի հետ, որին մենք քաջատեղյակ ենք Ֆրանսիայում:

Read the article in English: Armenia is developing new defense capabilities, will it be enough?

Մեկնաբանել