Բնապահպանները՝ հանքարդյունաբերողների դատական հայցերի աքցանում

Մկրտիչ Կարապետյան

Աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանը վերջին շրջանում խուսափում է հրապարակավ խոսել հանքարդյունաբերական ընկերությունների, նրանց գործողությունների ու բնապահպանական ստանդարտների անհամապատասխանությունների մասին։ Դրա պատճառը կաշկանդվածությունն է, որ ֆինանսական մեծ միջոցներ տնօրինող հանքարդյունաբերողները նրան կներքաշեն դատական տևական ու մաշող գործընթացների մեջ՝ պահանջելով ֆինանսական փոխհատուցումներ։ Գալստյանը ներկայում ներգրավված է դատական մի գործընթացում, նրա դեմ 2018-ի օգոստոսին հայց է ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

Գալստյանի դեմ հայցի առիթը ՍիվիլՆեթի տաղավարում Գալստյանի որոշ մտքերն ու նաև ֆեյսբուքյան գրառումներն են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մասին։ «Հարցազրույցում ես ասել եմ, որ կարծում եմ, որ ինչ-որ կոռուպցիոն գործարքներ կամ անուղղակի կոռուպցիայի դրվագներ կան, որոնք ամբողջ գործընթացում նկատելի են, ու պետք է դրանց ուշադրություն դարձնել։ Ես նաև ասել եմ՝ ինչ նկատի ունեմ. օրինակ կա հիմնադրամ, որի հիմնադիրների մեջ կար նախկին նախագահ, վարչապետ, այլ պաշտոնյաներ, այդ հիմնադրամից հսկայական գումարներ են փոխանցվել 2013-2014 թվականներին։ Մեկ այլ օրինակ՝ Ջերմուկի համայնքապետի տղայի հիմնադրամին 50 կամ 60 միլիոն դրամ էր փոխանցվել հանքարդյունաբերողի կողմից, իսկ հետո կառավարությունը որոշումներ է ընդունել՝ ի նպաստ այդ ընկերության։ Ես դատարանում էլ եմ պնդել, որ այո՛, դա անուղղակի կոռուպցիա է»,- պատմեց Լևոն Գալստյանը։

Երկրորդ դրվագը, որ «Լիդիան Արմենիան» համարել է իր բարի համբավի արատավորում և զրպարտություն, Գալստյանի այն պնդումն է եղել, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) օմբուդսմենի գրասենյակը քննելով բնապահպանների ու Ամուլսարի ոսկու հանքավայրի ազդակիր համայնքների բնակիչների բողոքը, հայտնել է, որ կան ստանդարտների ու չափորոշիչների խախտումներ հանքարդյունաբերողի կողմից։ «Հետագայում խոսքիս մեջ չեմ նշել, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակն է դա հայտարարել, միայն ասել եմ Միջազգային ֆինանսական կորպորացիան։ «Լիդիան Արմենիան» էլ ասում է, թե զրպարտում եմ, քանի որ դա ՄՖԿ-ն չի գրել, այլ օմբուդսմենի գրասենյակը»,- ասում է Գալստյանը։

Հանքարդյունաբերական ընկերությունը Գալստյանից պահանջում է 1 մլն դրամի չափով փոխհատուցում։

Հայաստանի դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալները վերլուծելիս կարելի է տեսնել պայմանական երկու շրջափուլ, որոնց ընթացքում, բնապահպանների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների դեմ հայցերի աճ կա։ Հայցվորներն առավելապես երկու ընկերություններ են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ու «Լիդիան Արմենիան»։ Առաջինը Հայաստանում պղնձի ու մոլիբդենի ամենամեծ արդյունահանողն ու արտահանողն է, Հայաստանի ամենամեծ հարկատուներից մեկը։ Երկրորդը՝ «Լիդիան Արմենիան», պատրաստվում է ոսկու արդյունահանում իրականացնել Ամուլսարում։ Տարիներ շարունակ Ամուլսարի ծրագիրը կանգ է առել բնապահպանների ու տեղի բնակիչների տևական բողոքի գործողությունների, նաև քննվող քրեական վարույթների, կառավարության կողմից վերջնական որոշումների կայացման ձգձգման պատճառով։ Ամուլսարի ոսկու հանքավայրից ոչ հեռու է Ջերմուկ առողջարանային քաղաքը, որի զբոսաշրջային գրավչությունը, ըստ բնապահպանների, հանքի շահագործման արդյունքում կտուժի։

2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո «Լիդիան Արմենիա»-ի կողմից հանքավայրի շահագործման հարցը նորից եկավ առաջին պլան։ Ըստ «Դատալեքսի» տվյալների՝ 2018-2020 թթ․ Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների, ակտիվիստների, նույնիսկ պատգամավորների դեմ ներկայացվել է 19 հայց։ Դրանցից երկուսի դեպքում, որ ներկայացվել էին բնապահպաններ Հակոբ Սանասարյանի և Արփինե Գալֆայանի դեմ, ընկերությունը հետ է վերցրել հայցերը։ 19 հայցերից մեկն ուշագրավ է նրանով, որ «Լիդիան Արմենիա»-ն դատի էր տվել 28 քաղաքացիների՝ նրանցից պահանջելով օրական 87 000 դոլարի փոխհատուցում։ Կարելի է ենթադրել, որ սա բողոքի գործողությունների հետևանքով հանքավայրը չշահագործելու խնդրին է վերաբերում։ Այս գործով պատասխանողների ցանկում է եղել նաև բնապահպան Թեհմինե Ենոքյանը, որը տեղեկացրեց՝ հայցը դատարանը հետ է վերադարձրել՝ պահանջելով հստակեցնել, թե յուրաքանչյուր անձի մասով ֆինանսական պահանջը որքան է, որից հետո նոր հայց դատարան չի մուտքագրվել։ Բացի այս, ընկերությունը բնապահպան Թեհմինե Ենոքյանի դեմ ունեցել է մեկ այլ հայց, որը բավարարվել է, և «Լիդիան Արմենիա»-ն Ենոքյանից ստացել է 3500 եվրոյի չափով փոխհատուցում։ Ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո Ենոքյանը տվյալ գործով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տվյալների վերլուծությունից երևում է օրինաչափություն, որ 2018-19 թվականներին զրպարտության, վիրավորանքի, բարի համբավն արատավորելու համար հիմնական հանքարդյունաբերական ընկերությունը, որ գնացել է դատական ճանապարհով «Լիդիան Արմենիան» է։

2023-2024 թվականներին դարձյալ բնապահպանների, լրատվամիջոցների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից հայցերի ակտիվություն է նկատվում։ Այս անգամ հիմնականում վերջիններիս դատական պատասխանատվության է կանչել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 2023-ից ի վեր նրանք նմանատիպ տասը հայցադիմում են ներկայացրել։

ԶՊՄԿ-ի կողմից ներկայացված տասը հայցից յոթը եղել է տարբեր կայքերի դեմ. դրանք են Blognews, Tert.am, Oragir news կայքերը։ Վերջինի դեպքում կոմբինատը պահանջում է հերքել լրատվականի այն հրապարակումը, որը վերաբերում էր տնօրենների խորհրդում ազգությամբ ադրբեջանցիների նշանակմանը։

Երկու հայց էլ ԶՊՄԿ-ն ներկայացրել է բնապահպաններ Օլեգ Դուլգարյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ՝ նրանցից յուրաքանչյուրից պահանջելով հերքում և 6-ական միլիոն դրամ։ Դուլգարյանից պահանջում են հերքել Tert.am կայքին տված այն մեկնաբանությունները։ Դուլգրայանն ասած է եղել, որ «Արծվանիկի պոչամբարը բավականաչափ մեծ է, ինչպես բոլոր պոչամբարները, այնպես էլ այն, աղտոտում է շրջակա միջավայրը», «բնականաբար, միայն պոչամբարի առկայությունը ինքը աղտոտում է առաջացնում շրջակա միջավայրի գյուղերի համար միայն նաև ասենք օդով, օդակաթիլային, հատկապես ամառվա շոգերին այդ ամեն ինչը բարձրանում է, գոլորշիացվում է, տարածվում է շրջակա միջավայրի, մարդկանց, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, բերքի վրա», «դեռ տարիներ առաջ Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքների գյուղացիներն ահազանգել են, որ այլևս գյուղատնտեսությամբ չեն զբաղվում»։ Կան այլ նախադասություններ ևս, որ ԶՊՄԿ-ն համարել է զրպարտություն։

Օլեգ Դուլգարյանը

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը ներկայացրեց, թե կոմբինատն ավելի կոնկրետ ինչ պահանջներ է ներկայացրել։ Ըստ Ենոքյանի՝ 2023-ի դեկտոմբերին, երբ Ողջի գետն աղտոտվել էր, տեսել է, որ «Իրավատեր կապանցիներ» հասարակական կազմակերպությունը հրապարակել է տեսանյութերի շարք՝ Ողջի գետի տարածքից, որտեղ առկա էին գետի աղտոտման կադրեր, ու նկատելի էր, որ այնտեղ թափոններ կային։ Ենոքյանի խոսքով՝«Իրավատեր կապանցիներ» ՀԿ-ն այդ դրվագը դիտարկել էր որպես վթար ու մեղադրել ԶՊՄԿ-ին. «Ես տարածել եմ այդ նյութերը իմ ֆեսբուքյան էջում՝ պատկերացնեով, որ հենց ԶՊՄԿ խողովակաշար է վնասվել, ու թափոնները լցվել են գետը։ «Այդ մասշտաբի աղոտոտում հավանաբար հնարավոր է՝ լիներ միայն խողովակաշարից։ Ընկերությունն ինձ մի հերքման պահանջ է ներկայացրել, որ հերքեմ, թե վթար է տեղի ունեցել Արծվանիկի պոչամբարում, բայց ես պոչամբարի անուն չեմ տվել։ Ես Ողջի գետը հստակ տարբերակում եմ իր տարածքով՝ Արծվանիկից։ Պարզ է, որ ես չեմ հերքել այդ նախադասությունը, որովհետև ակնհայտ էր՝ կար գետի աղտոտում, թե գետի աղտոտման պատճառները որոնք են, այդ հարցով հարցում եմ ուղարկել Դատախազություն, Քննչական կոմիտե, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որ հասկանամ՝ սա ինչ երևույթ է։ Նրանք չեն հերքել, որ սա վթարի արդյունք է, բայց ում պատճառով է, ինչ է եղել, լղոզված են պատասխանել»,- նշեց Ենոքյանը։

ԶՊՄԿ կողմից դատական հայցերի այս աճն ուշագրավ է այն տեսանկյունից, որ ընկերությունում 21 տոկոս բաժնեմաս ունի պետությունը։ Կառավարությունն արդյոք որպես ընկերության բաժնետեր մասնակցե՞լ է դատական հայցեր ներկայացնելու գործընթացին կամ համաձա՞յն է դրա հետ, գրավոր հարցրել ենք ԶՊՄԿ-ին.

«Խոշոր ընկերություններում բաժնետերերը, որպես կանոն, չեն մասնակցում ընկերության ամենօրյա և ընթացիկ աշխատանքային որոշումների կայացմանը, դրանք ընդունում է ընկերության ղեկավար կազմը»,- պատասխանել են կոմբինատից։

Ի՞նչ տենդենց են տեսնում բնապահպանները

Լևոն Գալստյանի կարծիքով՝ բնապահպանների, ակտիվիստների, լրատվամիջոցների դեմ հանքարյունաբերողների հայցերի ներկայացումն ու այդ տենդենցի ակտիվությունը գլոբալ գործընթացի մաս է։ Ըստ նրա՝ այս հայցերը «հանրային մանակցությունը խոչընդոտելու նպատակով ռազմավարական դատավարությունների պրոցես է, երբ տարբեր կորպորացիաներ, դիմելով դատարան, փորձում են դրա միջոցով լռեցնել հանրային ակտիվություն ունեցող մարդկանց, այնպես անել, որ նրանք քիչ խոսեն»։

«Ամեն բառից կարող են կառչել, ու դա չապացուցվի էլ հետագայում, բայց այդ պրոցեսը կարող է տարիներով գնալ։ Նպատակն այն չէ, թե այդ հայցերով ինչ արդյունքի կհասնեն, ինձ համար էլ հիմա էական չէ՝ դատարանը ինչ վճիռ կկայացնի, նույնիսկ եթե իմ դեմ կայացվի վճիռ, ես դա չեմ համարելու արդար վճիռ»,- վստահեցրեց Գալստյանը։ Նա առանձնացնում է բնապահպաներին թիրախավորելու մեկ այլ տենդենց, որը կապված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ, և բնապահպանների գործողությունները հաճախ որակվում են որպես «Ադրբեջանի շահերի սպասարկում»։

Թեհմինե Ենոքյանհը վստահեցնում է՝ հանքարդյունաբերական ընկերությունները երբեմն մինչ դատական գործընթաց նախաձեռնելն այնպիսի հերքումներ են պահանջում, որ պարզապես հնարավոր չէ իրականացնել. «Իրենց նպատակը քեզ հետ հաշտության գալը չէ, այլ ֆինանսական ճնշման ենթարկելն է, որ լռես»։ Ենոքյանը կասկած է հայտնում, որ ԶՊՄԿ-ն միգուցե իր դեմ հայցը ներկայացրել է՝ հիմք ընդունելով հանգամանքը, որ «Լիդիան Արմենիան» իր դեմ դատական գործում հաջողություն է ունեցել։

ԶՊՄԿ-ն, պատասխանելով մեր գրավոր հարցերին և անդրադառնալով դատական գործընթացներ նախաձեռնելու հաճախականության աճին, նշել է՝ դատական կարգով իրենց հեղինակությունը պաշտպանելը ամենանախընտրելի ճանապարհը չէ, բայց երբեմն միակն է։ «Կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ձեռնարկությունը զրպարտությունից պաշտպանելը, կեղծիքի հրապարակային հերքում պահանջելը քաղաքակիրթ և ժողովրդավարական միջոց է և բխում է բոլոր շահագրգիռ կողմերի՝ բաժնետերերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության շահերից»,- նշել են հանքարդյունաբերական ընկերությունում։

Մեկնաբանել