Տավուշի շարժումը պնդում է՝ Կիրանցում հացի խնդիր կա, մարզպետարանը հերքում է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տեղադրված Կիրանցում հացի, մթերքի խնդրի մասին։

«Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։ Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, ետ են դառնում»,- ասված է հայտարարությունում։

Կիրանցում հացի խնդրի մասին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է նաև խանութպանը․ «Մեքենան (հաց բերող – խմբ․) չի կարողացել անցնի, որ հասնի մեզ։ Ասել են՝ փակ է ճանապարհը, մենակ տեղացիներին ենք թողնում, հետ է դառել։ Ասել ա՝ հաց եմ տանում, ասել են՝ չի թույլատրվում և վերջ»,- ասել է նա։

Տավուշի մարզպետարանից, սակայն, հերքում են Կիրանցում հացի խնդրի մասին տեղեկությունը․ «Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը»։

Ոստիկանությունը մայիսի 19-ից փակել է Կիրանց տանող ճանապարհը։ ԱԱԾ-ն հաղորդել է, որ սահմանապահ զորքերը Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ․ «Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»։

Մեկնաբանել