Մհեր Սեդրակյանի ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել

Մկրտիչ Կարապետյան, Անի Գրիգորյան

Դուբայում անշարժ գույքի վերաբերյալ արտահոսքը տվյալներ է պարունակում նաև հայերի վերաբերյալ։ Նրանցից մեկը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն է։ Թեպետ վերջինս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով՝ Դուբայում նրա ընտանիքի գույքերը դատախազության կողմից բռնագանձվելիք անշարժ գույքի ցանկում չեն։

Գերժամանակակից երկնաքերեր, արևոտ լողափեր, թանկարժեք գնումներ. սրանք Դուբային՝ Մերձավոր Արևելքի ֆինանսական կենտրոնին բնորոշ նշաններ են՝ աշխարհի հարուստների համար։ Հրապուրիչ Դուբայը այս ամենով հանդերձ նաև մութ համբավ ունի որպես հարկային դրախտ, ապօրինի կանխիկ միջոցների հիմնական ուղղություն ու փողերի լվացման կենտրոն։ Վերջինը երբեմն կատարվում է անշարժ գույքի ձեռքբերման միջոցով։

Դուբայից արտահոսած անշարժ գույքի տվյալները մանրամասն պատկեր են ձևավորում Դուբայում հարյուր հազարավոր սեփականությունների, դրանց օգտագործման մասին։ Արտահոսքը հիմնականում ներառում է 2020 և 2022 թվականների տվյալները, դրանք ստացվել են Վաշինգտոնում տեղակայված Ընդլայնված պաշտպանական հետազոտությունների կենտրոնի (C4ADS) կողմից։ Այս կենտրոնը զբաղվում է միջազգային հանցագործությունների ու հակամարտությունների ուսումնասիրմամբ։ C4ADS-ը տվյալներով կիսվել է նաև նորվեգական E24 ֆինանսական լրատվամիջոցի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի հետ (OCCRP), որոնք համակարգել են հետաքննական նախագիծ տասնյակ լրատվամիջոցների հետ։ Որպես գործընկեր՝ ՍիվիլՆեթը մասնակցել է այս ծրագրին։

Մհեր Սեդրակյանի ընտանիքը Դուբայում երկու գույք ունի

Մհեր Սեդրակյանը Հայաստանի նախկին իշխանությունների առանցքային կերպարներից էր, 1995-1999 թվականներին նա եղել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 99-ից 2008-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն էր։ Սեդրակյանը երկրորդ անգամ խորհրդարան վերադարձավ որպես պատգամավոր 2012-ին՝ Հանրապետական կուսակցության ցուցակով։ Ի թիվս Հայաստանում մեծ ու փոքր բազմաթիվ բիզնեսների, շարժական ու անշարժ գույքերի՝ Սեդրակյանի ընտանիքը կարողացել է նաև երկու անշարժ գույք ձեռք բերել Դուբայում։

Արտահոսած տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանի կինը՝ Շուշանիկ Աֆյանը բնակարան ունի Դուբայի Marsa Dubai շրջանի Sadaf 7 համալիրում։ Marsa Dubai-ը ծովափնյա շրջան է, որը բաղկացած է ինչպես երկնաքերերից, այնպես էլ վիլլաներից ու այլ ցածրահարկ տներից։ Այն կառուցվել է Պարսից ծոցի ափամերձ հատվածի մոտ 4 կմ-ոց հատվածում։

Sadaf 7 համալիրը

Ենթակառուցվածքների, ճանապարհային լայն ցանցի ու տրանսպորտի հասանելիությամբ պայմանավորված՝ Marsa Dubai-ը ամենապահանջված ու ամենաթանկ շրջաններից է, այնտեղ կա ավելի քան 200 երկնաքեր, իսկ բնակչությունը 2018-ի դրությամբ գերազանցել է 55 000-ը ու ունեցել աճի միտում։ Marsa Dubai-ի ամենամեծ առավելություններից մեկը ծովափերն են ու դրանց հասանելիությունը։ Շուշանիկ Աֆյանին պատկանող բնակարանն ունի 131 քմ մակերես։

Բնակարանի գնահատված արժեքը վերջին 6 ամսվա դրությամբ կազմել է ավելի քան 554 000 դոլար։ Տվյալների համադրությունից երևում է, որ Սեդրակյանի կնոջ գույքը գտնվում է 45 հարկ ունեցող համալիրի 21-րդ հարկում, բնակարանն ունի երկու ննջասենյակ, 4 քմ պատշգամբ։

Եթե հիմք ընդունենք Google Maps-ը, Sadaf 7-ից մինչև մոտակա ծովափ ոտքով չորս րոպե է։

Մհեր Սեդրակյանի եղբոր կինը՝ Հրանուշ Սեդրակյանը, ևս սեփականությամբ իրեն պատկանող գույք ունի Դուբայում։ Այն գտնվում է հանրահայտ Palm Jumeirah-ում, որը արմավենու նմանությամբ կառուցված արհեստական կղզի է և հայտնի է թանկարժեք բնակարաններով, ռեստորաններով ու հյուրանոցային համալիրներով։ Կղզում բնակվում է 25 000-ից ավել մարդ։ Դրա շինարարությունը մեկնարկել է 2001-ին, ավարտվել 2007-ին։ Palm Jumeirah-ում բնակարաններ ունեն նաև նախկին պաշտոնյաներ Գագիկ Բեգլարյանն ու նրա եղբայրը, ինչի մասին ժամանակին գրել էր Հետքը։

Հրանուշ Սեդրակյանը գույքը գտնվում է կղզու Fairmont South Residence համալիրում, որը դեպի ծով նայող, շրջակայքում առևտրի կենտրոններ ունեցող և Դուբայի միջազգային օդանավակայանին մոտ գտնվող համալիր է։ Բնակարանի մակերեսը 125 քմ է, ունի մեկ ննջասենյակ և 19 քմ մակերեսով ատշգամբ։ Սեդրակյանը համալիրում ունի նաև ավտոկայանատեղի։ Նրա բնակարանը գտնվում է 12 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Վերջին վեց ամսվա տվյալներով՝ գույքի գնահատված արժեքը մոտ 770 000 դոլար է։

Դատախազությունը չի հայտնաբերել այս բնակարանները

Ինչպե վերը նշեցինք, Մհեր Սեդրակյանի կինը՝ Շուշանիկ Աֆյանն ունի բնակարան Marsa Dubai շրջանի Sadaf 7 հասցեում, որ ձեռք է բերել 2013-ին։ Այդ ժամանակ նրա ամուսինը խորհրդարանի պատգամավոր էր, ուստի Աֆյանը պարտավոր էր գույքի մասին տեղեկությունը ներառել Բարձրատիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում։ Սակայն հայտարարագրում այս գույքն արտացոլված չէ։

Չնայած Շուշանիկ Աֆյանի և Հրանուշ Սեդրակյանի գույքերի գնահատված արժեքը միասին հասնում է ավելի քան 1,3 միլիոն դոլարի՝ Դուբայի այս բնակարանները ներառված չեն բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկում։ Սեդրակյանների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի հարցը այժմ քննվում է դատարանում, իսկ վերջիններս էլ Սահմանադրական դատարանում վիճարկում են օրենքի սահմանադրականության հարցը։ Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից, նրա կնոջից, որդուց՝ Դավիթ Սեդրակյանից, ու որդու կնոջից բռնագանձել 22 միավոր անշարժ գույք, մեկ ավտոմեքենա, ութ ընկերությունում բաժնեմաս և ավելի քան 7,5 միլիարդ դրամ։ Մհեր Սեդրակյանի որդուն է պատկանում բետոնի արտադրությամբ զբաղվող «Դռագսման» ընկերությունը,«Բեստ ֆրենդս» ընկերությունը, որ շաղախների ու խողովակների խոշոր արտադրող է, «Բիդեք» կառուցապատող ընկերությունը, որ իրականացրել է նաև պետական նախագծեր, «Ավտոստոպ» ՍՊԸ-ն, որ շահագործում է գազալցակայան Երևանում։ Այս ընկերությունների բաժնեմասի վրա դատարանի որոշմամբ արգելանք է կիրառված։

Բացի այն, որ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկում չկա Շուշանիկ Աֆյանի Դուբայի բնակարանը, Հրանուշ Սեդրակյանի անունն ընդհանրապես չկա ապօրինի ծագման գույքի բռնագանձման այս գործընթացում։

Պատասխանելով ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը՝ Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են՝ «Դուբայում Մհեր Սեդրակյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի վերաբերյալ տեղեկություններ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում չեն ստացվել»։ Ինչ վերաբերում է Հրանուշ Սեդրակյանի գույքին, դատախազությունից պատասխանել են՝ «չեն ստացվել Հրանուշ Սեդրակյանին պատկանող այնպիսի գույքերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց իրական շահառուն Մհեր Սեդրակյանն է»։

Մհեր Սեդրակյանի ընտանիքի փաստաբանները անպատասխան են թողել Դուբայում բնակարանների ձեռքբերման վերաբերյալ OCCRP-ի գրավոր հարցերը։

Մեկնաբանել