Հենրիխ Մխիթարյան. չենք հանձնվելու, գնալու ենք մինչև վերջ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես գիտենք, «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած արարողության ժամանակ ստացել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը: Ուկրաինական ակումբ վերադառնալուց հետո Մխիթարյանը հարցազրույց է տվել «Շախտյորի» մամլո-ծառայությանը:

-Արարողությունը հրաշալի ստացվեց և անցավ շատ բարձր մակարդակով: Շատ հաճելի էր այդքան շատ մարդ տեսնել հրապարակում: Հրաշալի մթնոլորտ էր:

Դու այդպիսի կարևոր արարողության էիր մեկնել միայնա՞կ:

-Այո, սկզբում մենակ էի, հետո մայրս միացավ ինձ:

Հենրիխ, ես գիտեմ, որ քեզ հետ միասին Երևանի պատվավոր քաղաքացի կոչման են արժանացել նաև շախմատիստ Ռաֆայալե Վահանյանը և Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Շփվե՞լ ես նրանց հետ:

-Միանգամայն ճիշտ է… Մեծ հաճույքով շփվեցինք: Հաճելի էր, որ նրանք էլ հետևում են մեր խաղերին: Մենք բավականին շատ քննարկեցինք Իտալիայի հետ խաղը: Ընդհանրապես, մեծ պատիվ է 23 տարեկանում լինել Երևանի պատվավոր քաղաքացի ճարտարապետների, ժողովրդական դերասանների, երգահաններին և այլ հայտնի մարդկանց հետ:

-Արարողությունից հետո մարդիկ երևի քայլելու հնարավորություն չէին տալիս:

-Իհարկե, մոտենում էին, սակայն շատ ժամանակ չկար, անհրաժեշտ էր տուն հասնել:

-Չի կարելի շրջանցել նաև Իտալիայի հետ խաղի թեման: Վարդան Մինասյանն ասաց, որ դա Հայաստանի հավաքականի լավագույն խաղերից էր: Դուք իսկապես լավ էիք դիտվում մրցակցի ֆոնի վրա: Պատմեք Ձեր զգացողությունների մասին:

-Մենք գիտակցում էինք, որ խաղում ենք Իտալիայի հավաքականի հետ: Շատ դժվար էր, սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստ ամեն ինչ անում էր լավ խաղալու համար: Ցանկանում էինք արդյունքի հասնել, սակայն չհաջողվեց: Մենք շատ պահեր ունեինք, սակայն չկարողացանք իրացնել դրանք:

-Սակայն մեկ գոլ դու խփեցիր: Երբ գնդակը հայտնվեց քո մոտ, միանգամի՞ց որոշեցիր, որ պետք է արագություն հավաքես և վճռես դրվագի ելքը:

-Այո, քանի որ ուրիշ անելու բան չկար: Բացի այդ, մենք խնդիր ունեինք գնդակը ստանալուն պես հարձակում կազմակերպել:

-Դու հրաժեշտ ես տվել հավաքականի տղաներին մինչև գարուն: Խոսե՞լ եք այն մասին, որ պայքարը դեռ առջևում է:

-Իհարկե, մենք միշտ հնարավորություններ ունենք: Չենք հանձնվելու, այլ գնալու ենք մինչև վերջ: