«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել։ Մայիսի 21-ին դատարանը փոխել է Սաղաթելյանի և Սամսոնյանի խափանման միջոց կալանքը և որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը՝ հաղորդումներ չվարելու սահմանափակումներով։
Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը)։ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը միասին վարում են «Իմնեմնիմի» փոդքաստը։
ՔԿ-ն հաղորդել էր, որ քրեական հետապնդումը հարուցվել է այն բանի համար, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»։