ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» Հայաստանի դուրս գալու նոր ժամկետներ են նշվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

2020-ի հունիսին Հայաստանում գրանցված ավիափոխադրողներն ընդգրկվեցին Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ Հայաստանում գրանցված ավիափոխադրողները չեն կարող կոմերցիոն թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ։

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ չորս տարի անց ինչ փոփոխություններ են եղել այս ոլորտում, և որքան ժամանակ է պահանջվել այլ երկրներից ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար։

Ինչպե՞ս Հայաստանը հայտնվեց ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»

Եվրոպական օդային տարածքը հնարավորինս անվտանգ դարձնելու և անապահով ինքնաթիռների մուտքը ԵՄ տարածք կանխելու համար Eurocontrol-ը (Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն) 2016-ին նոր համակարգ ներդրեց։ Այսպիսով, 2016-ից երրորդ երկրի օպերատորները (TCO, “third country operator authorisation”) ԵՄ օդային տարածքում կոմերցիոն թռիչքներ իրականացնելու համար պետք է անվտանգային թույլտվություն ունենան:

Թռիչքներ իրականացնելու թույլտվությունը ստանալու համար ավիաընկերությունները դիմում են ԵՄ-ին՝ խնդրելով կոմերցիոն թռիչքներ թույլ տալու համար ստուգումներ իրականացնել, որոնցից հետո ԵՄ-ն գնահատողական այց է իրականացնում։

2019-ին հայկական ավիափոխադրողներից «Տարոն-Ավիան» և «Atlantis European Airways»-ը դիմել էին ԵՄ-ին՝ երրորդ երկրի օպերատորի կարգավիճակ ստանալու համար։ Թույլտվություն տալու համար Երոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) գնահատողական այց էր իրականացրել վերը նշված երկու ավիաընկերություններ։ Տվյալ ավիաընկերություններից բացի, ԵՄ-ն այցելել էր նաև Հայաստանի Քաղաավիացիայի կոմիտե, որտեղ էլ 2020-ի գնահատողական այցի ընթացքում արձանագրել էր 41 թերություն։ Մայիսի 12-ին կայացել էր առցանց քննարկում հայկական կողմի՝ Քաղավիացիայի կոմիտեի և 6 հայկական ավիաընկերությունների ու եվրոպական կառույցների միջև, եվրոպացի գործընկերները, սակայն, հայկական ավիացիոն իշխանությունների՝ թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված երաշխիքները բավարար չէին համարել: Հունիսին արդեն հրապարակվեց ԵՄ թռիչքային անվտանգության թարմացված ցուցակը (EU Air Safety Committee, ASC), որտեղ առաջին անգամ ընդգրկված էր Հայաստանը՝ բոլոր ավիափոխադրողներով։

Էկրանապատկերը՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել «սև ցուցակից» դուրս գալու համար

2020-ի հունիսին Քաղավիացիայի կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, որ «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեից հստակ չեն հայտնել, թե որոնք են եղել այդ թերությունները, սակայն նշել են, որ արձանագրված 41 թերություններից 29-ը շտկվել են, և որ դրանց վերացումը համակարգվել է EASA-ի փորձագետների կողմից։ Ըստ ՔԱԿ-ի՝ այն թերությունները, որոնք շտկված չեն, կախված են որակյալ տեսուչների պակասից։ ՔԱԿ-ը պլանավորում է շտկել այդ թերությունները մինչև 2024-ի ավարտը։

ՔԱԿ-ից նաև հայտնում են, որ որակավորված տեսուչների քանակն ապահովելու համար ավելացվել է հաստիքների թիվը, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, փոփոխվել են աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, ինչը, ըստ երևույթին, մասնագետների՝ ՔԱԿ-ից հեռանալու հիմնական պատճառներից մեկն էր։

Ենթադրվում է, որ իրականացված փոփոխությունները պետք է նպաստեն նաև մասնագետների հոսունության նվազմանը։

«Սև ցուցակից» դուրս գալու համար որքա՞ն ժամանակ է պահանջվել այլ երկրներին

ԵՄ թռիչքային անվտանգության 2023-ի թարմացված ցուցակում այս պահին ընդգրկված է 16 երկիր, որտեղ գրանցված բոլոր ավիափոխադրողների թռիչքներն արգելված են ԵՄ-ում։ Դրանց շարքում ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանն է, Բելառուսը՝ Ryanair-ի հարկադրված վայրէջքի համար, երբ ձերբակալվեց լրագրող Ռոման Պրոտասևիչը, մնացածը հիմնականում աֆրիկյան երկրներ են, ինչպես օրինակ՝ Կոնգոն, Լիբիան, Սուդանը և այլն։

Այսպիսով, «Սև ցուցակում» հայտնված երկրներից միայն Թուրքմենստանին է հաջողվել ամիսներ անց վերացնել թերացումները։ Թուրքմենստանը ԵՄ թռիչքային անվտանգության սև ցուցակում էր հայտնվել 2019-ի փետրվարին, բայց նույն տարվա հոկտեմբերին արգելքը հանվել էր։

Համեմատաբար ավելի վաղ է դուրս եկել «սև ցուցակից» Պակիստանը։ 2020-ի հուլիսին ԵՄ-ն 6 ամսով արգելեց պակիստանյան ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք։ Պատճառը 2020-ի մայիսին Կարաչի քաղաքում տեղի ունեցած ավիավթարն էր, հետաքննությունը պարզել էր, որ բազմաթիվ օդաչուներ կեղծել էին քննության արդյունքները, բայց Պակիստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունից թռիչքներ իրականացնելու արտոնագրեր էին ստացել։ Պակիստանը «սև ցուցակից» դուրս եկավ 2023-ին։

Զամբիան, որը ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակում էր 2009-ից, ցուցակից դուրս է եկել 2016-ին, Ինդոնեզիան ցուցակում էր հայտնվել 2007-ին, թռիչքներ իրականացնելու արգելքը հանվել է 2018-ին, Գաբոնը «սև ցուցակից» դուրս է եկել 11 տարի անց, երկիրը հայտնվել էր «սև ցուցակում» 2008-ին, դուրս եկել՝ 2019-ին։

Այսպիսով, «սև ցուցակում» ընդգրկվելուց չորս տարի անց Հայաստանի ավիացիոն իշխանություններին դեռևս չի հաջողվում շտկել թերություններն ու դուրս գալ ցուցակից։ Արդյոք Հայաստանում գրանցված ավիաընկերությունները 2025-ից կկարողանա՞ն դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել՝ կախված է, թե ինչ աշխատանքներ կտարվեն թերություններն ամբողջապես վերացնելու համար։

Մեկնաբանել