Չեչնիայում 90 մարդու «առևանգել են» Կադիրովի մեքենան այրողի հետ կապի պատճառով

Կադր՝ ավտոմեքենայի այրման տեսանյութից: Էկրանապատկերը՝ 1ADAT-ի:

Լուիզա Մչեդիշվիլի, OC Media

Memorial իրավապաշտպան խումբը հայտնել է, որ Չեչնիայի իշխանությունները առևանգել են 80-90 մարդու այն բանից հետո, երբ մի տղամարդ այրել է Կադիրովների խորհրդանիշներով պատկերապատված մեքենան: Խումբը հայտնել է, որ առևանգվածները կապված են կամ առնչություն ունեն մի տղամարդու հետ, որը մեղադրվում է Dustum պետհամարանիշով ավտոմեքենան այրելու մեջ, պետհամարանիշ, որը նախկինում օգտագործել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և ներկայում օգտագործում է նրա որդին՝ Ադամ Կադիրովը:

Չեչենական տելեգրամյան ընդդիմադիր 1ADAT ալիքը տարածել է կադրեր ենթադրաբար մայիսի 6-ին տեղի ունեցած միջադեպից, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը նավթ ցողում «Dustum» պետհամարանիշով և «K13» պատկերագրությամբ մեքենայի վրա, ապա այրում այն: K13-ը կամ Komanda 13-ը նույնպես Ադամ Կադիրովի հետ կապված անուն է:

«Գրոզնիում անհայտ անձը այրել է Կադիրովի պնակալեզներից մեկի մեքենան. K13 և Dostum մակագրությունները կրում են Կադիրովի ստրուկները, որոնք ցանկանում են շողոքորթել Ադամ Կադիրովին»,- գրել է 1ADAT-ը:

Տելեգրամյան ալիքը հայտնել է, որ դեպքից հետո ձերբակալված տղամարդը Սայֆա-Իսլամ Էլմուրզաևն է: Memorial իրավապաշտպան խումբը նմանապես ենթադրում է, որ մեքենայի սեփականատերը հավանաբար «ցանկանում էր իր հավատարմությունը ցույց տալ իշխանություններին»:

Իրավապաշտպան կազմակերպությունը հարցումներ է անցկացրել այն համայնքներում, որտեղ առևանգումների մասին հաղորդում են տեղական տեղական ալիքները, և պարզել, որ Չեչնիայի անվտանգության ուժերը, ըստ տեղեկությունների, Ուրուս-Մարտանի շրջանի Ստարիե Աթագի գյուղից առևանգել են Էլմուրզաևի մոտ 50 հարազատների: Խումբը հայտնել է, որ իշխանությունները նաև առևանգել են երկու տղամարդու Գուդերմեսից և Գրոզնիից՝ տելեգրամյան տեսանյութում Էլմուրզաևի բաճկոնի նման բաճկոն կրելու համար։

Նրանք ասել են, որ վեց մարդ առևանգվել է Գոյսկոե գյուղից, այդ թվում՝ նախկին զինծառայող, որը վիրավորվել էր Ուկրաինայում կռվելու ժամանակ, և որին, ըստ տեղեկությունների, առևանգելուց հետո հետ են ուղարկել առաջնագիծ։ Իրավապաշտպան կազմակերպությունը նաև հայտնել է, որ Շալիից ավելի քան 30 մարդ է առևանգվել, որոնցից չորսը մնացել է Գրոզնիի ոստիկանական բաժանմունքում, իսկ մյուսները վերադարձել են քաղաք։

Ներկայում Շալիից կալանավորվածներից մեկին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, իսկ մյուսը, ըստ տեղեկությունների, պատանդ է պահվում, և իշխանությունները պահանջում են նրա՝ ներկայում արտասահմանում բնակվող եղբորը վերադառնալ Չեչնիա:

1ADAT-ը հայտարարել է, որ առևանգվածներից առնվազն մեկը՝ հաշմանդամություն ունեցող 30-ամյա մի տղամարդ, որը հեռուստաալիքի կողմից ճանաչվել է որպես Աբդուլլահ, սպանվել է կալանավայրում: Իշխանությունները տղամարդու մարմինը վերադարձրել են հարազատներին, որոնք հայտարարել են, որ դիակի վրա առկա են եղել խոշտանգման նշաններ։ Հաղորդվում է, որ Կադիրովի զինյալները տղամարդու ընտանիքին հայտնել են, թե նա մահացել է սրտի անբավարարությունից:

«Այժմ չեչեն ժողովրդի թշնամիները վերահսկում են հուղարկավորությունը, որպեսզի ոչ ոք չկարողանա լուսանկարել կամ տեսանկարահանել Աբդուլլահի մարմինը»։

Մեկնաբանել