Փաշինյանը մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան, հայտնում են կառավարությունից։

«Վարչապետը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է մայիսի 19-ին։ Նրան ու ևս ութ անձի տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում, ըստ ամենայնի, վատ եղանակի պատճառով: Վթարի հետևանքով մահացել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հիշատակի պաշտոնական արարողությանը Ադրբեջանից կմասնակցի վարչապետ Ալի Ասադովը։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակության կազմում են նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Միլի Մեջլիսի Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի անդամները և այլ պաշտոնատար անձինք:

Մեկնաբանել