Ճանապարհ չանցած ուժերի դաշինքը չի կայանում. Լարիսա Ալավերդյան

Եթե դաշինքը երկարատև, լի տարբեր դրվագներով ու փորձություններով համատեղ աշխատանքի ճանապարհ չի անցել, ես մեծ վստահություն ունեմ, որ այն չի կարող կայանալ. նշեց երդվյալ «ժառանգական», ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում՝ մասնավորեցնելով, որ այս համոզմունքը ձևավորվել է բազմաթիվ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում:

Ըստ Ալավերդյանի՝ հենց դա է եղել պատճառը, որ ինքը հեռացել է «Ժառանգություն» կուսակցությունից, և հեռանալիս ասել է, որ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելու որոշումը, կուսակցության զարգացման որդեգրված տեխնոլոգիաները ոչ միայն հոգեհարազատ չեն իրեն, այլև՝ ինքը դեմ է դրանց: «Ես համոզված էի, որ այդ ճանապարհը հասարակության համար չի կարող բերել նվաճումների»,- նշեց նա:

Ալավերդյանի դիտարկմամբ՝ բավական լավ, ճիշտ և դյուրին է թվում ուժերը միավորելու գաղափարը՝ փոքր ռեսուրսներով քաղաքական ուժերի համար ընտրություններին ընդառաջ, սակայն դա սխալ է անել առանց համատեղ ճանապարհ անցնելու:

«Եթե սա [«Ազատ դեմորկատների» հետ դաշինքը] նախապես ծրագրված քայլ չէր «Ժառանգություն» կուսակցությանը ևս մեկ հարված հասցնելու, ասում եմ՝ եթե, քանի որ փաստեր չունեմ, ապա դա «Ժառանգության» կողմից սխալ էր տեսական և պրակտիկ տեսակետից: Ես մի քանի անգամ նշել եմ, որ դյուրահավատությունը մարդկային ամենավատ հատկանիշը չէ, բայց քաղաքական ուժի համար դա դառնում է մեծ փորձություն: Եվ դրա հարվածից ընկնելու հետո նորից ոտքի կանգնելու համար պահանջվում են մեծ ուժեր»,- ասաց նա: Ալավերդյանը մասնավորեցրեց, որ «ծրագրավորված»-ի մեջ մտնում է և միտումը, և հաշվարկը, և գործարքն այլ ուժերի հետ: «Ծրագրավորված»-ի մասին մտածել նրան թույլ է տալիս Խաչատուր Քոքոբելյանի՝ վերջին շրջանի «սրընթաց ձևով փոխված խոսքի ոճը»:

Դյուրահավատության համար, սակայն, նա միայն կուսակցության առաջնորդին չի մեղադրում: «Ես երբևէ մեկ անձի վրա չեմ դրել ամբողջ պատասխանատվությունը: Բոլորը ունեցել են նվազագույնը իրենց խոսքի իրավունքը, որից ես ինքս օգտվել եմ: Ով ուզում է լինի, եթե չի ունեցել ճանապարհ անցած, չեմ կարծում, որ այդպիսի՝ զուտ բանակցային՝ տղամարդու խոսքի վրա կարող էր հարաբերերություններ կառուցել»,- նշեց նա՝ մասնավորեցնելով, որ «տղամարդու խոսքը» Հայաստանում «քիչ է մնում ձեռք բերի քաղաքական կատեգորիայի որակ»:

Կանխատեսումներ դժվարացավ անել Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում ոչ հազվադեպ են երևույթները, երբ մի քաղաքական ուժը խիստ քննադատության է ենթարկում մյուսին, իսկ հետո՝ միանում նրան: «Այս քաղաքական «ճկունության» պայմաններում դժվարանում եմ ասել՝ ինչ կլինի»,- նշեց նա:

Անդրադառնալով մանդատները վայր դնելու հարցին՝ Ալավերդյանը նշեց, որ դա իր համար մնում է քաղաքական տրամաբանությունից դուրս: «Անգամ եթե մակերեսի վրա երևում է, որ իրենց մանդատները պիտի դնեն ու երիտասարդները պիտի գան, ինձ համար դա ոչինչ չի բացատրում: Պետք է հստակեցնել. ինչ երիտասարդներ պիտի գան, ինչ հարցեր պիտի լուծեն»,- նշեց նա: Նախագահական ընտրություններին պատրաստվելու տեսանկյունից ևս, Ալավերդյանը դիտարկեց, որ Ազգային ժողովի ամբիոնը լավագույնն է, և այդ առումով ևս անհասկանալի է մնում մանդատը վայր դնելու որոշումը:

«Ես վստահ եմ, որ «Ժառանգություն»-ը նույնիսկ այսքան ձախողումներից հետո առավել հզոր կլինի, եթե վերստին վերցնի իր սկզբունքները՝ քաղաքացիական ակտիվ խմբերի հետ համագործակցությամբ»,- նշեց նա:

Մեկնաբանել