Սննդամթերքը թանկ է եղել ոչ միայն մանկապարտեզների, այլև մանկատների ու ծերանոցների համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանկապարտեզներում պետական գնումների ուսումնասիրությունների արդյունքներով սեպտեմբերի վերջին 27 տնտեսավարողի ենթարկեց պատասխանատվության։ Երեկ հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել հինգ տնտեսավարողի նկատմամբ, որոնք չարաշահումներ են թույլ տվել մանկատներին և ծերանոցներին պետգնումներով սննդի մատակարարման գործընթացում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), պետական գնումների շրջանակում կատարելով հերթական ուսումնասիրությունը, հայտնաբերել է, որ հանրապետության տարածքում գործող 11 հաստատությունների կողմից, որից ութը՝ մանկատներ, ապրանքների գնման նպատակով հայտարարված մրցութային փաթեթներում եղել են մի շարք խնդիրներ. դրանց մեծ մասը վերաբերում է գնումների գործընթացին։ Որոշ մանկատներ և ծերանոցներ պետգնումներով սնունդը ձեռք են բերել շուկայականը երկու անգամ գերազանցող գնով։

ՏՄՊՊՀ-ում ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարվեց, որ մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ՝ առկա են դեպքեր, երբ երկու տարբեր ընկերություններ, մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե նույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ:

Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 1 կգ-ը ֌300-ով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ ֌500: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ ֌320-ով գնով:

ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները, որպես կանոն, էապես բարձր են եղել շուկայականից։ Օրինակ՝ սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է ֌300-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը ֌100:

Ընդ որում՝ ձեռքբերման փաստաթղթերից հստակ չէ, թե ինչ տեսակի սնունդ կամ տնտեսական ապրանք է ձեռք բերվել։ Օրինակ՝ նշված է, որ գնվել է ձեթ կամ կաթնամթերք, սակայն այս սննդամթերքների տեսականին թե՛ գնային և թե՛ որակական առումով շուկայում խիստ բազմազան է:

Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սահմանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են շուկայականից բարձր գներով, և արդյունքում տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:

Իհարկե, Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներն ուղարկվելու են իրավապահ մարմիններին, բայց ակնհայտ է, որ թե՛ մանկապարտեզների, թե՛ մանկատների և թե՛ ծերանոցների կողմից գնումների գործընթացներում պատասխանատվության սեփական բաժինը ունի կազմակերպության ղեկավարը։ Այն, որ այդ գնումների գործընթացում էական դերակատարում են ունեցել պատվիրատուները, վկայում է թերևս փաստը, որ գնումները հիմնականում կատարվել են անհատ ձեռնարկատերերից:

Մեկնաբանել