Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Հայաստանի քաղաքացիների համար հավելյալ վիզային վճար չի գանձնվի։ Այս մասին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից։
«Նոր վիզային վճարը չի վերաբերի այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ ԵՄ-ն ունի վիզային ռեժիմի դյուրացման մասին գործող համաձայնագրեր (օրինակ՝ Հայաստանի): Վիզայի նոր վճարը կկիրառվի վիզայի մնացած բոլոր դիմորդների համար»,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ստացված գրությունում։

Ավելի վաղ պարզաբանմամբ հանդես էր եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և հայտնել, որ վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։
«ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով: Հետևաբար, ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, թե 2024-ի hունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով` 80 եվրոյից 90 եվրո։ Այս մասին հայտնել էին Mediamax.am, News.am, Zham.am, Auroranews.am, 1or.am, 168.am, Politik.am և մի շարք այլ լրատվական կայքրեր։
Հայաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզայի թանկացման մասին գրել էր նաև քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, որի հրապարակումը արտատպել էին Mamul.am, Artsakh.news, Kentron.am լրատվական կայքերը։