ԿԳՆ-ում կարևորվել է ֆրանսերենի դասավանդման որակի բարելավումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և «Ալիանս ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդին:

Ինչպես հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից, Արմեն Աշոտյանը ողջունել է հյուրերին` ընդգծելով, որ «Ալիանս ֆրանսեզը» Հայաստանի կրթական համակարգի լավագույն գործընկերներից է, հատկապես ուսուցիչների վերապատրաստման և ֆրանսերենի դասավանդման որակի բարելավմանը նպաստելու հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդիրներին:

Նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գնալով ավելի նկատելի է դառնում ֆրանսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցման խրախուսումը: Միաժամանակ, ինչպես ընդգծել է Արմեն Աշոտյանը, բազմաթիվ դպրոցներում ֆրանսերենն ուսուցանվում է որպես հիմնական օտար լեզու, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, մեր երկրի համար ունի ինչպես քաղաքական և մշակութային, այնպես էլ բարոյական նշանակություն: «Ալիանս ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդը կարևորել է Ֆրանսիայում և Հայաստանում միմյանց նկատմամբ առկա ընդգծված վերաբերմունքը և փոխադարձ ուշադրությունը, որն էլ իր հերթին անդրադարձ կարող է ունենալ կրթական համակարգում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման, ֆրանսիական գրադարանի ձևավորման և հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Մեկնաբանել