Ընտրություններ Հնդկաստանում․ Մոդին պատրաստվում է տարածաշրջանային գերակայություն հաստատել

Նարենդրա Մոդին դիմում է իր կողմնակիցներին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նյու Դելիում, մայիսի 22, 2024: Լուսանկարը՝ Ադնան Աբիդի, Reuters:

Աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունում՝ Հնդկաստանում, խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Dailyasianage.com կայքի հոդվածագիր Շոեբ Չաուդհուրին անդրադառնում է ընտրապայքարին և Հնդկաստանի դերին տարածաշրջանում։ Հոդվածը անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։

Մայիսի 26-ին Հնդկաստանի ողջ տարածքում ընտրողները քվեարկեցին շարունակվող ընտրությունների 6-րդ փուլում։ Մոտավորապես 90% ընտրատարածքներում քվեարկությունը տեղի է ունեցել միաժամանակ, իսկ ընտրությունների 7-րդ փուլը կանցկացվի հունիսի 1-ին, և քվեարկություն կանցկացվի մնացյալ շուրջ 10% ընտրատարածքներում: Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը կամ Ժողովրդական պալատը երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է, որը բաղկացած է 543 պատգամավորից, որոնք ընտրվում են Հնդկաստանի՝ համապատասխան թվով ընտրատարածքներում։

Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին, սակայն նորությունների վերլուծությունը և քաղաքագետները պնդում են, որ վարչապետ Նարենդրա Մոդին կհաղթի ընտրություններում և այդպիսով կպահպանի գերակայությունը:

Հնդկաստանի ընտրությունները տեղի են ունենում այնպիսի բարդ պահի, երբ համաշխարհային տնտեսությունը մեծ սթրեսի և անորոշության մեջ է՝ ռուս-ուկրաինական պատերազմ, Մերձավոր Արևելքում անհանգիստ իրավիճակ, պատերազմ Գազայում, Եմենի հութիների շարունակական հարձակումներ Կարմիր ծովով նավարկող արևմտյան նավերի վրա, մատակարարման շղթաների խաթարում, որ հանգեցնում է գների համաշխարհային աճի, ինքնիշխանությունների սասանման և այլնի: Հնդկաստանը՝ Նարենդրա Մոդիի ղեկավարությամբ, մեծապես կարողացել է վերահսկել գների աճը Հարավային Ասիայում: Բանգլադեշը, Շրի Լանկան և Պակիստանը առերեսվում են գնաճի խնդրին և շատ ավելի բարդ հանգամանքների՝ համեմատած Հնդկաստանի հետ:

Մոդին իր պաշտոնավարման ընթացքում ստիպված էր զբաղվել որոշ այլ մարտահրավերներով ևս, այդ թվում՝ գործազրկության, Չինաստանի միջամտության և Պակիստանում տեղակայված ահաբեկչական խմբերի անկարգությունների: Մյուս կողմից, Ռամ Մանդիրի տաճարի կառուցումը մեծացրել է նրա քաղաքական ազդեցությունը Հնդկաստանում, որը, ինչպես ակնկալվում է, ընտրություններում «Հինդուտվա» կարգախոսի հիման վրա առավելություն կհաղորդի Նարենդրա Մոդիին: («Հինդուտվան» որպես գաղափարախոսություն առաջացել է 20-րդ դարի սկզբին՝ որպես պատասխան բրիտանական գաղութատիրության և հինդու մշակույթի նկատմամբ արևմտյան ազդեցության և կրոնական այլ սպառնալիքների)։

Ընտրություններին ընտրողների մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների միջև հաստատուն հարաբերակցություն չկա: Տարիների ընթացքում տվյալները ցույց են տալիս, որ գործող կառավարությունները վերադարձել են, երբ քվեարկողների թիվը քիչ է եղել, իսկ գործող ղեկավարները պաշտոնանկ են արվել, երբ այդ թիվն աճել է: Այնուամենայնիվ, 2004, 2009 և 2014 թվականների ընտրություններին ընտրողների մասնակցության մանրամասն ուսումնասիրությունը քաղաքական դիտորդների կողմից վկայում է, որ վարչապետ Մոդիի Բհարաթիա Ջանաթա կուսակցությունը (Bharatiya Janata Party, BJP) հետևողականորեն հաղթում է այն ընտրատարածքներում, որտեղ մասնակցությունը նվազել է:

2019-ին BJP-ն վերցրել էր 224 մանդատ՝ ստանալով 50% և ավելի ձայն խորհրդարանում։ Այդ տեղերի մեծ մասը կուսակցությունը ստացել էր երկրի հյուսիսում, մի մասն էլ՝ Ուտար Պրադեշ և Բիհար նահանգներում՝ չնայած Սամաջվադի կուսակցությունը և Բահուջան Սամաջ կուսակցությունը անհավանական դաշինք էին կնքել: Եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանությունը խլել Մոդիի Ազգային ժողովրդավարական դաշինքից (National Democratic Alliance), ապա այս երկու նահանգներում պետք է անակնկալներ մատուցի: Որևէ կառավարություն երբևէ իշխանության չի հասել Դելիում առանց այս երկու նահանգներում հաղթանակի: 2020-ին ընտրողների մասնակցությունը նվազ էր նաև ԱՄՆ-ում, ինչը հանգեցրեց Դոնալդ Թրամփի պարտությանը։

Հնդկաստանի ազգային զարգացման ներառական դաշինքը (Indian National Developmental Inclusive Alliance, INDIA) հիմնական քաղաքական ճակատն է, որը դեմ է Նարենդրա Մոդիի Ազգային ժողովրդավարակն դաշինքին, սակայն INDIA դաշինքը դեռ չի կողմնորոշվել Մոդիի դեմ հանդես գալու կոնկրետ և միասնական թեկնածուի շուրջ: INDIA դաշինքը կառավարությանը մեղադրում է ընդդիմության առաջնորդներին առանց հիմնավոր հիմքերի կամ ապացույցների ձերբակալելու և Հնդկաստանում համայնքային ներդաշնակությունը խաթարելու համար:

Նարենդրա Մոդին հայտնի է պարզ և համեստ կենցաղավարմամբ։ Նա չունի ընտանիք և երեխաներ։ Նրա դեմ կոռուպցիոն մեղադրանքներ չկան։ Մոդիի անհատական այս հատկանիշները առավելություն են հաղորդում նրա քաղաքական իմիջին, և նա ընտրողներին ներկայանում է որպես առավել ընդունելի գործիչ՝ շարունակելու ղեկավարել Հնդկաստանը և հաստատելու երկրի տարածաշրջանային կարևոր դերը:

INDIA դաշինքի շուրջ նահանգային և խմբակային վեճեր կան, և, ըստ լուրերի, դաշինքի կուսակցությունները դեռ չեն կարողացել հաղթահարել իրենց հայեցակարգային որոշ տարբերություններ: Այդ դաշինքի ներսում ներքին խզումները մեծապես ծառայում են Մոդիի քաղաքական ուժի վերընտրությանը:

Նարենդրա Մոդին հերթական հաղթանակի ճանապարհին է, գրում է լրատվամիջոցների մեծ մասը։ Ընտրողներն արդեն տվել են իրենց մանդատը։ Մնում է հրապարակվեն պաշտոնական արդյունքները և հայտարարությունը։ Այս գնահատականին ես հասել եմ հնդկաստանցիների շրջանում հարցումների վերաբերյալ որոշ լրատվամիջոցների վերջին լուսաբանումների մեկնաբանման միջոցով: Այնուամենայնիվ, այն գաղափարախոսները, որոնք նպաստել են Բհարաթիա Ջանաթա կուսակցության ստեղծմանը, այդ թվում՝ Շյամա Պրասադ Մուկերջին, պատշաճ գնահատականի չեն արժանացել, ինչը որոշ դժգոհություն և հիասթափություն է առաջացրել կուսակցության առաջնորդների և ակտիվիստների շրջանում, թեև կասկած չկա, որ նրանք ի վերջո կքվեարկեն Բհարաթիա Ջանաթայի օգտին:

2023-ի սեպտեմբերին Նյու Դելիում Հնդկաստանի կազմակերպած Մեծ քսանյակի գագաթնաժողովը արտացոլում է այն փաստը, որ Նարենդրա Մոդիի կառավարության հեղինակությունն ավելի է մեծացել միջազգային ասպարեզում։

Ես հիշում եմ Մոդիի այցը Բանգլադեշ 2015-ին և նրա ոգեշնչող ելույթը, երբ նա հանդես եկավ Դաքայի համալսարանի ուսանողների և դասախողների առջև միջազգային կոնֆերանսների Բանգաբանհու կենտրոնում կազմակերպված միջոցառմանը: Իր ելույթում Մոդին գովեստով խոսեց Բանգլադեշի երիտասարդության հնարավորությունների, սոցիալ-տնտեսական ասպարեզում այդ երկրի հաջողության պատմությունների, կանանց զորացման, արտահանմանն ուղղված արդյունաբերության և այլնի մասին՝ խոստանալով էլ ավելի ամրապնդել Բանգլադեշի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերը:

Նարենդրա Մոդին 2021-ի մարտին կրկին այցելեց Դաքա՝ մասնակցելու Բանգլադեշի անկախության ոսկե հոբելյանի տոնակատարությանը։ Վերլուծական բոլոր կենտրոնները, քաղաքական գործիչները, ակադեմիականները, արտաքին հարաբերությունների փորձագետները և ազատագրության կողմնակից ուժերը Մոդիին ողջունեցին այն ժամանակ՝ չնայած արմատական և ծայրահեղական որոշ խմբեր բռնի ցույցեր էին կազմակերպում, այրում կրոնական փոքրամասնությունների տները և կողոպտում պետական գրասենյակները՝ Մոդիի դեմ ցույցի ժամանակ՝ իրենց բողոքն արտահայտելով տոնակատարությանը նրա մասնակցության դեմ։

Կրոնական այս մոլեռանդները գաղափար չունեն Բհարաթիա Ջանաթա կուսակցության առաջնորդներ Աթալ Բիհարի Վաջպայիի և Նարենդրա Մոդիի դերակատարության մասին 1971-ի ազատագրական պատերազմի և այդ ժամանակ Բանգլադեշի ազատագրման համար ամեն տեսակի խոչընդոտների դեմ գնալու նրանց ակտիվ մասնակցության մասին: Հնդկաստանի նորընտիր կառավարությունը հուսով է, որ կձևավորի եղբայրական և ներդաշնակ հարաբերություններ հարևանների հետ և կհարստացնի Հնդկաստանի մշակույթն ու ժառանգությունը:

Մահաթմա Գանդին մի անգամ ասել է. «Աշխարհի բոլոր կրոնները, որքան էլ որ դրանք տարբեր լինեն, միասնական են մի հարցում՝ ի վերջո ճիշտն է հաղթում այս աշխարհում»:

Հեղինակի մասին

Շոեբ Չաուդհուրին (Shoeb Chowdhury) հեղինակ է, բանաստեղծ, սոցիալ-տնտեսական վերլուծաբան և The Asian Age-ի խմբագրական խորհրդի նախագահ:

Մեկնաբանել