«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 29-ի գործողությունները (լրացված)

14:55

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ երեկոյան ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում կամփոփվի օրը։

14:50

Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանին սպասող ցուցարարները, Բագրատ սրբազանի ղեկավարությամբ, շարժվում են Սուրբ Աննա եկեղեցու բակ։

Սպասվում էր, որ Վահե Ղազարյանը պետք է գնա Ազգային ժողով՝ մասնակցելու 2023-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը։ ՆԳ նախարարի փոխարեն, սակայն, ԱԺ-ում նախագիծը ներկայացնում է նրա տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Սիրելի´ ժողովուրդ, այսօր դուք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա ԱԺ»,- դիմելով ոստիկանության դիմաց հավաքված քաղաքացիներին՝ ասել է Բագրատ սրբազանը։

12:20

Բագրատ սրբազանի գլխավորած շարժման աջակիցները ՆԳՆ շենքի շուրջ պտույտ գործելուց հետո նստել են մուտքերից մեկի մոտ։

Շարժման Տելեգրամի ալիքը հաղորդում է, որ ոստիկանությունը սպառնում է ուժ կիրառել Բագրատ սրբազանի հետ ՆԳՆ շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ։

11:30

ՆԳՆ-ի առջև հավաքված ցուցարարները փակել են Նալբանդյան-Չարենց փողոցների խաչմերուկը։

10:55

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։

10:40

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պետք է Ազգային ժողով գնա, և որոշում է կայացրել սպասել նրան շենքի դիմաց, որպեսզի ԱԺ գնալիս հանդիպի նրան։

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետական բյուջեի կատարողականը։

10:35

ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը Բագրատ սրբազանին տեղեկացրել է, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում, սակայն նախօրեին Սարդարապատում՝ Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։

10:07

Բագրատ սրբազանը ցանկանում է հանդիպել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին:

«Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների համար»,- հայտարարել է նա։

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, երթով գնում են Ներքին գործերի նախարարություն՝ բացատրություն պահանջելու Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել»,- մայիսի 29-ին սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ սրբազանը։

***

Մայիսի 28-ին ոստիկանները փորձել էին արգելել Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Նույն պահին Հանրապետության տոնի առիթով հուշահամալիր է այցելել նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետի ու նախագահի գլխավորությամբ։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է ոստիկանական պատը, որը թույլ չի տալիս Վեհափառին մտնել հուշահամալիր:

Մայիսի 27-ին Հանրապետության փողոցում ոստիկանները բռնի ուժ էին կիրառել անհնազանդության ակցիա իրականացնող ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։ Միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին մեկ ծառայողի լիազորությունները։

Մեկնաբանել