Վեհափառի ղեկավարած շարժումը միջոցառումը խոչընդոտելու գործողություն էր արել․ Փաշինյանը՝ Սարդարապատի միջադեպի մասին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր իրավապահների կողմից խոչընդոտելու դեպքին։

«Պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող շարժումը նախորդ օրը պետական արարողակարգային միջոցառումները խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ երեկ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։ Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ։ Խոսքը նրա մասին է՝ նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտելն է, թե ոչ»,- մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրել է, որ եկեղեցու դեմ արշավ չկա․ «ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի: Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում ենք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, որը կապ չունի Հայաստանի կառավարության և կառավարող մեծամասնության հետ»:

Մայիսի 28-ին ոստիկանները փորձել էին արգելել Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Նույն պահին Հանրապետության տոնի առիթով հուշահամալիր է այցելել նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետի ու նախագահի գլխավորությամբ։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է ոստիկանական պատը, որը թույլ չի տալիս Վեհափառին մտնել հուշահամալիր:

Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մայիսի 27-ի երեկոյան գնացել էին Սարդարապատի հուշահամալիր, գիշերել այնտեղ: Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն գա Սարդարապատի հուշահամալիր, ապա դա կլինի նրա վերջին այցն այստեղ՝ որպես վարչապետ:

***

Մայիսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին հայտարարվել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Վերջինս դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից հայտնել են, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։

Մեկնաբանել