Բագրատ սրբազանն աջակիցների հետ ցույց իրականացրեց Հանրապետության հրապարակում

17:15

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ժամը 18:00-ին հրապարակում հավաքվելու փոխարեն հավաքվում են ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում:

16:05

Բագրատ սրբազանը կոչ է անում քաղաքացիներին աշխատանքային օրվա ավարտից` 18:00-ից հետո գալ Հանրապետության հրապարակ` խոչընդոտելու Փաշինյանի ելքը կառավարության շենքից:

14:45

Բագրատ սրբազանն աջակիցների հետ շարունակում է մնալ Կառավարության շենքի մոտ՝ սպասելով, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա շենքից։

13:40

Ակցիայի մասնակիցները, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, պտտվում էին կառավարության շենքի շուրջ։

Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը հայտարարել է, որ 100 ցուցարարներ կշարունակեն մնալ կառավարության շենքի մոտ, մյուսները երթ կիրականացնեն։

12:15

Ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 9 քաղաքացի, 6 մեքենա էլ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, հայտնում են ոստիկանությունից։

11:55

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։

«Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։ Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,- ասված է հայտարարությունում։

11:30

Բողոքի ակցիայի մասնակիցները մոտեցան կառավարության շենքին:

Ոստիկանները Հանրապետության հրապարակից հեռացնում են քաղաքացիների ավտոմեքենաները։

***

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցները մեքենաներով բոլոր կողմերից մուտք են գործում Հանրապետության հրապարակ, մեքենաները կանգնեցնում կառավարության շենքի մոտ։

Ոստիկանական ուժերը սկսել են քարշակով հեռացնել բողոքի ակցիայի մասնակիցների ավտոմեքենաները Հանրապետության հրապարակից։ Ոստիկանությունը նաև բերման է ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։

Ցույցին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում կառավարության նիստ։ Ոստիկանական ուժերը կառավարության շենքի շուրջ մի քանի շարքով պատ են կազմել։

Երեկ՝ մայիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում ենք մեքենան և ոտքով գալիս ենք Կառավարության շենքի մոտ: Շատ կարևոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:

Մեկնաբանել