ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է Սև լիճ

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այցելել է Սև լիճ, հայտնում է առաքելության X-ի էջը։

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին Գորիսում հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության անձնակազմի հետ: Թիմը այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ»,- ասված է հայտարարությունում։

Մինչ օրս ԵՄ առաքելության Հայաստանում իրականացրել է ավելի քան 2 300 պարեկություն։

2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 209 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել էին Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին 2021-ի մայիսին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը մինչ օրս փոփոխություն չի կրել։

Մեկնաբանել