Գյումրիում Radisson հյուրանոց կբացվի

Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը՝ Radisson Hotels Group-ը հայտարարել է իր ապրանքանիշի ներքո Հայաստանում գործող երկրորդ համալիրի գործարկման մասին։ Այդ մասին հատնել է «Ալեքպոլ Փրոջեքթս Մենեջմենթ» ընկերությունը, որի հետ համագործակցությամբ էլ միջազգային բրենդը մուտք կգործի Գյումրի։ Ըստ հաղորդագրության՝ համալիրը կներառի Գյումրիում գտնվող Shiraz Plaza հյուրանոցը, Alexandra Spa-ն և կկրի Radisson Hotel & Spa Gyumri անունը։

Հայաստանի տուրիստական գլխավոր ուղղություններից մեկը համարվող Գյումրի մուտք է գործում առաջին միջազգային հյուրանոցային բրենդը։ Այժմ Radisson Hotel & Spa Gyumri-ն վերափոխման և ստանդարտիզացման փուլում է, որպեսզի գոյություն ունեցող հյուրանոցն իր ծառայություններով, հարմարավետությամբ և դիզայնով լավագույնս ներկայացնի Radisson ապրանքանիշը՝ համապատասխանելով ընկերության սկանդինավյան ոճին և հյուրընկալությանը»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

Հյուրանոցն ունի 64 սենյակ, 70 անձի համար նախատեսված կոնֆերանս դահլիճ, հանդիպումների սրահներ, ռեստորան, մարզասրահ։

Ըստ հաղորդագրության՝ համալիրի կառուցման մեկնարկը տրվել է 2022-ին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլն դոլար, ստեղծվել է 50 աշխատատեղ։

Radisson Hotel & Spa Gyumri-ն ներառելու է նաև Alexandra Spa-ն, որը Գյումրիում 1881-ին կառուցված պատմական շենքի վերականգնմամբ ստեղծված սպա ծառայությունների կոմպլեքս է։ Այստեղ գործում են լոգանքների սրահներ, լողավազաններ, մերսման սրահներ ու չորս տեսակի շոգեբաղնիքներ։

Radisson Hotels Group-ը միջազգային հյուրանոցային խումբ է, որը գործում է ավելի քան 90 երկրներում՝ ընդգրկելով ավելի քան 1 350 հյուրանոց։

Մեկնաբանել