Ռիշի Սուրի
2014-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արտաքին ակտիվ քաղաքականություն է սկսել՝ զգալի ուշադրություն դարձնելով Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը: Էներգետիկ ռեսուրսների, առևտրային ուղիների և հնդկական մեծ սփյուռքի բերումով այս տարածաշրջանը Հնդկաստանի համար պատմականորեն կարևոր է եղել, և Մոդիի օրոք դիվանագիտական, տնտեսական և ռազմավարական կապերը վերափոխում են ապրել: Բարձր մակարդակի մի շարք այցերի, ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագրերի միջոցով Մոդին ամրապնդել է Հնդկաստանի հարաբերությունները Մերձավոր Արևելքի հիմնական երկրների հետ՝ խթանելով համագործակցության և փոխշահավետության նոր դարաշրջան:
Հնդկաստանի առնչությունները Մերձավոր Արևելքի հետ խորը արմատներ ունեն և խարսխվում են առևտրի, մշակութային փոխանակման և պատմական փորձի վրա: Այնուամենայնիվ, արդի փուլում հարաբերությունները հիմնականում պայմանավորված են էներգետիկ անվտանգության, առևտրի և հնդկական համայնքների գործոններով: Մոդիի քաղաքականությունն այս տարածաշրջանի երկրների հետ բխում է այս իրողություններից, և Հնդկաստանի բազմակողմ ներգրավվածությանը նոր որակի է հասել աշխարհաքաղաքական և տնտեսական ներկա իրավիճակում։
Ռազմավարական ներգրավվածություն և բարձր մակարդակի այցեր
Վարչապետ Մոդիի մերձավորարևելյան քաղաքականության առանձնահատկություններից մեկը նրա բարձր մակարդակի այցերի հաճախականությունն ու ռազմավարական բնույթն է: Այդ այցերը ծառայում են մերձավորարևելյան գործընկերների հանդեպ Հնդկաստանի հավատարմությունը վերահաստատելու և համագործակցության նոր ուղիներ բացահայտելու համար:
Սաուդյան Արաբիա․ Նարենդրա Մոդին Սաուդյան Արաբիա այցելել է 2016 և 2019 թվականներին՝ երկկողմ կապերն ամրացնելով բազմաթիվ նոր համաձայնագրերի ստորագրմամբ, այդ թվում՝ էներգետիկայի, անվտանգության և առևտրի ոլորտներում: Այս այցերի ընթացքում ստեղծված Ռազմավարական գործընկերության խորհուրդը ինստիտուցիոնալացրել է երկկողմ համագործակցությունը ամենաբարձր մակարդակներում:
Արաբական Միացյալ Էմիրություններ. 2015 և 2018 թվականներին Մոդիի այցերը ԱՄԷ զգալիորեն ամրապնդել են երկկողմ հարաբերությունները: ԱՄԷ-ն դարձել է Հնդկաստանի խոշորագույն ներդրողներից մեկը՝ ներգրավվելով ենթակառուցվածքների, անշարժ գույքի և էներգետիկայի ոլորտներում: Երկու երկրների միջև հաստատված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ընդգծում է նրանց համագործակցության խորությունը։
Կատար. Կատարի հետ երկկողմ հարաբերությունները նշանավորվել են բարձր մակարդակի այցերով և համաձայնագրերով, որոնք կենտրոնացած են էներգետիկ անվտանգության, առևտրի և ներդրումների վրա: 2016-ին Մոդիի այցը ճանապարհ հարթեց Հնդկաստանում կատարյան ներդրումների ավելացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
Իրան. չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Հնդկաստանը հավասարակշռված հարաբերություններ է պահպանում Իրանի հետ: 2016-ին Մոդիի այցը Թեհրան առանցքային նշանակություն ունեցավ Չաբահարի նավահանգստի նախագծի առաջխաղացման համար, որը ռազմավարական նախաձեռնություն է՝ ուղղված Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև հաղորդակցության և առևտրային կապերի ամրապնդմանը:
Իսրայել. 2017-ին Մոդիի որպես Հնդկաստանի ղեկավար առաջին այցը Իսրայել էր պատմական եղավ։ Այն ազդարարեց երկկողմ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը: Իսրայելի հետ հարաբերություններում առաջնահերթ ուղղություններ են պաշտպանությունը, գյուղատնտեսությունը, ջրային տնտեսությունը և տեխնոլոգիաները, և Մոդիի այցի ընթացքում ու դրանից հետո կնքվել են բազմաթիվ համաձայնագրեր ու մեկնարկել նոր նախաձեռնություններ:
Տնտեսական համագործակցություն և առևտուր
Տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի մերձավորարևելյան քաղաքականության հիմնաքարն է: Մերձավոր Արևելքը Հնդկաստանի համար էներգիայի կարևոր աղբյուր է, և տարածաշրջանի երկրները Հնդկաստանի առաջատար առևտրային գործընկերներից են: Էներգիայի մատակարարումների ապահովումը առաջնային նպատակ է: Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի հետ երկարաժամկետ համաձայնագրերն ապահովում են նավթի և գազի կայուն մատակարարում, ինչը կարևոր է Հնդկաստանի աճող էներգետիկ կարիքների համար: Բացի այդ, հնդկական ընկերությունները ներդրումներ են կատարել այս երկրների ածխաջրածնային ոլորտում՝ ստեղծելով փոխշահավետ էներգետիկ գործընկերություն: Մերձավոր Արևելքի երկրների հետ երկկողմ առևտուրը զգալիորեն ընդլայնվել է։ Հնդկաստանը շարունակ դիվերսիֆիկացնում է իր առևտրային զամբյուղը՝ արտահանելով տեքստիլ, դեղագործական արտադրանք, մեքենաներ և էլեկտրոնիկա: Ներդրումները Մերձավոր Արևելքից, մասնավորապես ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից, աճել են հատկապես ենթակառուցվածքների, անշարժ գույքի և ստարտափների ասպարեզում: Համագործակցային նախագծերը, ինչպիսիք են Իրանում Չաբահարի նավահանգստի զարգացումը և մասնակցությունը սաուդական Vision 2030 նախաձեռնությանը, կարևորություն են հաղորդում ռազմավարական տնտեսական համագործակցությանը: Այս նախագծերը խթանում են ինչպես երկկողմ առևտուրը, այնպես էլ տարածաշրջանային հաղորդակցությունը և տնտեսական ինտեգրումը:
Համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում
Պաշտպանության և անվտանգության ապսարեզում համագործակցությունը Մոդիի մերձավորարևելլյան ռազմավարության կարևոր բաղադրիչներն են: Տարածաշրջանի ռազմավարական դիրքը և ծայրահեղական սպառնալիքների առկայությունը անվտանգության ասպարեզում ամուր գործընկերություն են պահանջում: Հնդկաստանը համատեղ զորավարժություններ է անցկացրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ՝ ընդլայնելով փոխգործակցությունն ու ռազմավարական համակարգումը։ ԱՄԷ-ի հետ «Զայեդ Թալվար» (Zayed Talwar) ռազմածովային զորավարժությունները և Սաուդյան Արաբիայի հետ «Ալ-Մոհեդ Ալ-Հինդի» (Al-Mohed Al-Hindi) ռազմածովային զորավարժությունները պաշտպանական խորացող գործակցության օրինակներ են: Հնդկաստանը և նրա մերձավորարևելյան գործընկերները համագործակցությունը ակտիվացրել են նաև ահաբեկչության դեմ պայքարում: Տեղեկատվության փոխանակումը, վերապատրաստման համատեղ ծրագրերը և կարողությունների զարգացման նախաձեռնությունները անվտանգության համապարփակ համագործակցության մասն են: Պաշտպանական գնումների և տեխնոլոգիաների փոխանցման մասին համաձայնագրեր են ստորագրվել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իսրայելը և ԱՄԷ-ն։ Այս համաձայնագրերը ուժեղացնում են Հնդկաստանի պաշտպանական կարողությունները և խթանում համատեղ հետազոտություններն ու նորագույն տեխնոլոգիաների մշակումը:
Մշակութային և հումանիտար կապեր
Մերձավոր Արևելքում հնդկական սփյուռքը, որ հաշվվում է ավելի քան ութ միլիոն, վճռորոշ դեր է խաղում մշակութային և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: Մոդին իր այցերի ընթացքում ակտիվ շփվում է հնդկական համայնքների հետ՝ ամրապնդելով նրանց ներդրումը ինչպես Հնդկաստանում, այնպես էլ նրանց ընդունող երկրներում: Մշակութային փոխանակումն ու համագործակցությունը խթանող բազմաթիվ նախաձեռնություններ են մեկնարկել, որոնք ցուցադրում են հնդկական արվեստը, երաժշտությունը և ժառանգությունը: Մերձավոր Արևելքի երկրների հետ Հնդկաստանը զարգացնում է նաև կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրեր․ կրթաթոշակներ, հետազոտական համատեղ նախաձեռնություններ և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք նպաստում են գիտելիքների փոխանակմանը և կարողությունների զարգացմանը:
Հեռանկարներ
Հնդկաստանի՝ Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների հեռանկարը խոստումնալից է նաև հեռանկարային մի քանի ոլորտներում։
Վերականգնվող էներգետիկա. թե՛ Հնդկաստանը, թե՛ Մերձավոր Արևելքի երկրները կարևորություն են տալիս կայուն զարգացմանը և համագործակցության ներուժ ունեն վերականգնվող էներգիայի նախագծերում, այդ թվում՝ արևային և քամու էներգիայի:
Տեխնոլոգիաներ և նորարարություն. տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հսկայական հնարավորություններ կան: Համատեղ ձեռնարկությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը և ֆինտեխը, կարող են էապես խթանել նորարարությունն ու տնտեսական աճը:
Առողջապահություն. COVID-19 համաճարակը էլ ավելի ընդգծեց առողջապահության ոլորտում համագործակցության կարևորությունը: Դեղագործության, կենսատեխնոլոգիաների և առողջապահական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ջանքերը կարող են լուծել ընդհանուր մարտահրավերները և դիմագրավել հանրային առողջության մարտահրավերները:
Զբոսաշրջություն և հյուրընկալություն. զբոսաշրջային կապերի ամրապնդումը զբոսաշրջային ուղղությունների համատեղ խթանման, ճանապարհորդական սահմանափակումների մեղմացման և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման միջոցով կարող է խթանել տնտեսական և մշակութային փոխանակումները:
Գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն. գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախագծերը, ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը և համատեղ հետազոտությունները կարող են բարձրացնել պարենային անվտանգությունը և գյուղատնտեսության արտադրողականությունը երկու տարածաշրջաններում:
Նարենդրա Մոդիի ուշադրությունը մերձավորարևելյան տարածաշրջանին էական վերափոխում էր Հնդկաստանի արտաքին քաղաքականության մեջ, որը բնութագրվում է ակտիվ ներգրավվածությամբ, ռազմավարական գործընկերությամբ և բազմազան համագործակցությամբ: Մերձավոր Արևելքի առանցքային երկրների հետ կապերի խորացումը արտացոլում է Հնդկաստանի կողմից տարածաշրջանի ռազմավարական կարևորության ճանաչումը և գործընկերության փոխադարձ օգուտները: Տնտեսական, ռազմավարական և մշակութային դիվանագիտության համատեղման միջոցով Մոդին Հնդկաստանը Մերձավոր Արևելքում դիրքավորել է որպես կարևոր դերակատար:
Հեղինակի մասին
Ռիշի Սուրին ավագ խմբագիր է Հնդկաստանի ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկում՝ The Daily Milap-ում և գրում է միջազգային քաղաքականության մասին։Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Globalorder կայքում։