Սերժ Սարգսյանն արդարացվեց «Դիզվառելիքի գործով»

Սերժ Սարգսյանը արդարացվեց «Դիզվառելիքի գործով»․ քիչ առաջ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռը։

2019-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի երրորդ նախագահ Սեժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Սերժ Սարգսյանը մեղադրվում է նրա համար, որ նա, «2008-2018թթ․ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ շուրջ 490 մլն ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Այս գործով անցնում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (մահացել է 2021-ին), որին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ««Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ շուրջ 190 մլն դրամի վատնում»։ Բարսեղ Բեգլարյանին ևս այս գործով մեղադրանք էր առաջադրվել։ Նա ևս արդարացվեց։

Մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն էլ մերժվեց։

Ամբաստանյալների գույքերի վրա դրված կալանքը վերացվեց։

Նիստից հետո Սերժ Սարգսյանը «նորմալ» գնահատեց դատավճիռը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել