Վրաստանի խորհրդարանը, մայիսի 28-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավորությամբ, 84 կողմ ձայնով շրջանցեց նախագահի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի» վետոն։ Առաջիկա երեք օրերին օրենքը կրկին կներկայացվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նախագահը հինգ օրվա ընթացքում կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ կրկին վերադարձնի օրենքը խորհրդարան։ Նա արդեն հայտարարել է, որ ինչպես առաջին անգամ, հիմա նույնպես չի ստորագրելու փաստաթուղթը։ Սակայն այս փուլում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ օրենքը կարող է հաստատվել և հրապարակվել։
Մայիսի 28-ին խորհրդարանում քվեարկության ավարտին Ռուսթավելի պողոտայում կրկին բազմամարդ բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Ոստիկանական ուժերը շարունակում էին խոչընդոտել ցուցարարների շարժը և անհամաչափ ուժ կիրառելով՝ բերման ենթարկել նրանց։
Վրաստանի նախագահը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց հանրաքվե իրականացնել՝ ստորագրություններ հավաքել և ներկայացնել իրեն։ «Վրաստանի ապագան չի կարող որոշվել 84 հոգու ձայնով»,- հայտարարեց նախագահը և կոչ արեց, որ նույն եռանդով երիտասարդները պատրաստվեն հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին։ Նախագահը հորդորեց ընդդիմությանը համախմբվել «Վրացական խարտիայի» շուրջ և հրավիրեց քաղաքական կուսակցություններին մինչև հունիսի 1-ը միանալ խարտիային։
Ինչպես նշվում է՝ «Խարտիայի շուրջ կոնսենսուսը չի պահանջում կամ չի ենթադրում միասնական ընտրական ցուցակ կամ որևէ այլ պարտադիր քաղաքական դաշինք», այն ուղղված է եվրոպական ապագայի շուրջ միավորվելուն՝ երկրի ժողովրդավարության և արդար պետության կայացման նպատակով։
Սալոմե Զուրաբիշվիլիի առաջադրած խարտիայի հիմնական կետերից են՝ վերացնել եվրոպական ճանապարհը խոչընդոտող օրենքները, համաներում շնորհել այս ամիսներին բողոքի ակցիաների ընթացքում կալանավորված քաղաքացիներին, ապահովել դատական համակարգի ազատականացում և վստահության վերահաստատում, այլ բարեփոխումներ։
Այն բոլոր կուսակցությունները, որոնք կմիանան խարտիային, 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում ժողովրդական մանդատ ստանալուց հետո կպարտավորվեն գարնանային նստաշրջանում իրականացնել իրենց նպատակները և 2025 թվականի աշնանը նշանակել արտահերթ ընտրություններ:
Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը (9 կուսակցություն) արդեն համաձայնություն է հայտնել միանալու «Վրացական խարտիային»։
«Մենք կարծում ենք, որ այս փաստաթուղթն արտահայտում է մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնության կամքը, որը նրանք արտահայտում են մայրաքաղաքի և Վրաստանի այլ քաղաքների փողոցներում»,- հայտարարել է Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» (United National Movement) կուսակցությունը։
Ընդդիմությունից «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որի առաջնորդը նախկին վարչապետ Գիորգի Գախարիան է, չի արձագանքել խարտիային միանալու մասին հայտարարությանը։ Իսկ «Գիրչի» կուսակցությունը հրաժարվել է միանալ նախագահի նախաձեռնությանը։ «Իհարկե, այս փաստաթուղթը մեր ստորագրությունը չի ունենա»,- հայտնել են քաղաքական ուժից, այդուհանդերձ պատրաստակամություն հայտնել մասնակցելու քննարկումներին։
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրամիությունը բազմիցս զգուշացրել են օրենքի ընդունման բացասական հետևանքների մասին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ «հիասթափված է Վրաստանի խորհրդարանի հակադեմոկրատական որոշումից»։ ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ օրենքի ընդունումը լրջորեն կվնասի ԵՄ դաշինքին միանալու Վրաստանի հեռանկարը։
Ի պատասխան՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իրենք բազմիցս քննարկել են պատժամիջոցների թեման, և իրենց համար դա ուղղակի անլուրջ է. «Վրաստանի ժողովրդին և նրա կողմից ընտրված կառավարությանը սանկցիաներով կամ նմանատիպ այլ միջոցներով շանտաժի ենթարկելու ցանկացած փորձ լուրջ չէ։ Ոչ ոք չի կարող պատժել վրաց ժողովրդին և ոչ ոք չի կարող պատժել վրաց ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը»:
«Վրացական երազանքը» շարունակում է պնդել, որ իրենք հավատարիմ են արևմտյան կառույցներին միանալու կողմնորոշմանը, և օրենքը կոչված է միայն բարձրացնելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը:
Ըստ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի»՝ ցանկացած հասարակական կազմակերպություն և լրատվամիջոց, որի ֆինանսավորման 20 տոկոսից ավելին օտարերկրյա աղբյուրներից է, հայտարարվում է օտարերկրյա պետության շահերն առաջ մղող կառույց։
Օրենքի հրապարակումից հետո արդարադատության նախարարությունը և նախարարության Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 60 օրվա ընթացքում կստեղծեն «օտարերկրյա պետության շահերը սպասարկող կազմակերպությունների» գրանցամատյան։ Այդ գործընթացից հետո հասարակական կազմակերպությունների և առցանց լրատվամիջոցների զգալի մասի համար «օտարերկրյա գործակալների» ռեեստրում գրանցումը պարտադիր կդառնա։
Միլենա Բարսեղյան, Թբիլիսի