Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են ծննդյան օրվա առիթով:
Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածներն արագ վերականգնելու պատրաստակամության համար:
«Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Մակրոնի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ կառավարությունից հայտնում են․ «Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար»։