Այթան Ֆարհադովա , OC Media
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է սեպտեմբերին սկսել դատարկված Ստեփանակերտի բնակեցումը։
Ալիևն այս հայտարարությունն արել է երեքշաբթի Խոջալու կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ տեղահանված ադրբեջանցի ընտանիքների հետ, որոնք այժմ վերադարձել են քաղաք:
Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նաև ասել է, որ նախապատրաստվում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու վերակառուցումը։ «Այստեղից դուք կկարողանաք գնալ ցանկացած ուղղությամբ՝ Խանքենդիից, Խոջալուից։ Եվ դեպի Բաքու, ու դեպի արևմուտք՝ դեպի Գյանջա … Հիմա մենք ընդլայնում ենք Աղդամի, Ասկերանի և Խանքենդիի ճանապարհները»,- ասել է նա։
Ալիևը նաև ասել է, որ սեպտեմբերին Ստեփանակերտում կվերաբացվի նաև Ղարաբաղի համալսարանը (նախկինում՝ Արցախի համալսարան):
Ադրբեջանի իշխանություններն այլ հայտարարություններ չեն արել Ստեփանակերտը բնակեցնելու իրենց ծրագրերի վերաբերյալ, որը դատարկվել է 2023-ի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, ինչից հետո Ստեփանակերտի (նաև մյուս բնակավայրերի – խմբ․) բնակչությունը զանգվածաբար փախավ Հայաստան։
Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Ադրբեջանի բուհերի ուսանողներին և ուսուցիչներին արդեն ասվել է, որ իրենք տեղափոխվելու են Լեռնային Ղարաբաղ:
Ժողովրդավարամետ ակտիվիստ Արազ Ալիևն ասել է, որ Բաքվի պետական համալսարանի մի քանի դասախոսներ և մագիստրոսական ծրագրի ուսանողներ «բռնի կերպով» կուղարկվեն։
Ղարաբաղի համալսարանը պաշտոնապես գրանցվել է 2023-ի նոյեմբերի վերջին։
Monument Watch հայկական անկախ ակադեմիական հարթակը, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, համալսարանի շենքի յուրացումն անվանել է «հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի ծրագրային քաղաքականության մեկ այլ փուլ»։
Չորեքշաբթի Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ համալսարանն արդեն ընտրել է իր ֆակուլտետների դեկաններին։
Պրահայի Կառլի համալսարանի քաղաքական վերլուծաբան և հետազոտող Բահրուզ Սամադովն ասել է, որ Ադրբեջանի կողմից այս նախագծերի իրականացումը «ազգայնական զարգացման» ցուցադրություն է, որը նպատակ ունի ստվերել համալսարանի նախկին հայկական վարչակազմը։
«Նման պատմագիտական պրակտիկայում ներառականություն չկա. Ղարաբաղի հայերի պատմությունը, առնվազն համակեցության ժամանակ, սովորաբար չի հիշատակվում,- OC Media-ին ասել է նա,- Համալսարանի բացումը ոչ մի ներառականություն չի հետապնդում, դրա միակ նպատակն է ապացուցել, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Վերաբնակեցման նոր ջանքեր
Ստեփանակերտը վերաբնակեցնելու մասին Ալիևի հայտարարությունը մաս է կազմում կառավարության ջանքերի, որոնք ուղղված են վերաբնակեցնելու 2020-ին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից և անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հանձնվելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները։
Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունն այս տարի 7,8 մլրդ մանաթ (4,6 մլրդ դոլար) է հատկացրել Լեռնային Ղարաբաղի վերակառուցման և վերականգնման ծրագրերին, իսկ ավելի ուշ Ալիևի հրամանագրով գումարի չափն ավելացվել է մինչև 9,9 մլրդ մանաթ (5,8 մլրդ դոլար):
Ադրբեջանի բյուջեում չի նշվում, թե որքան գումար է պետությունը ծախսում Լեռնային Ղարաբաղի բնակեցման համար։
Ադրբեջանը հինգշաբթի հայտարարել է, որ Շուշիում բնակեցվել է շուրջ 105 ընտանիք կամ 406 մարդ, իսկ Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում՝ 1727 ընտանիք։
Ալիևը 2022-ի նոյեմբերին որոշում է ստորագրել, ըստ որի՝ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում 2026-ը ավելի քան 34,000 ընտանիք՝ մոտ 140,000 տեղահանվածներ կվերաբնակեցվեն Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում։
Երևանում տեղակայված Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում ասել է, որ «բոլորը մոռացել են, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչություն է եղել»։
Նա նշել է, որ օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ արևմտյան դիվանագետների այցերը Լեռնային Ղարաբաղ, և լուրերն այն մասին, որ Ռուսաստանը ձգտում է այնտեղ հյուպատոսություն բացել, ապացուցում են, որ Ադրբեջանին «լիովին հաջողվել է չեզոքացնել այդ հնարավոր միջազգային արձագանքը»։
Նա պնդել է, որ Երևանը նույնպես մեղավոր է, որ չի մեկնաբանել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում գյուղերի և հայկական քրիստոնեական ժառանգության հետքերի բնաջնջումը։
«Հասկանալի է, որ միջազգային դերակատարներին որևէ բան հետ չի պահում, որպեսզի չանեն այդ քայլերն ու չկատարեն Ալիևի պահանջները»,- ասել է նա։
Բահրուզ Սամադովը, ի պատասխան հարցի, թե ինչպես կարող են Ադրբեջանի բնակեցման ծրագրերն ազդել Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացի վրա, ասել է, որ Բաքուն շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համակեցությամբ։
«Սա չի կարող զուգակցվել հակահայկական ազգայնականության հետ, որից Ադրբեջանի իշխանություններն ստանում են իրենց լեգիտիմությունը»,- ասաց նա։