Սիրիայի ընդդիմությունը համաձայն է հրադադարի քառօրյա սահմանել

Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ)՝ ընդդիմությունը, հավանության է արժանացրել ժամանակավոր հրադադարի գաղափարը՝ պայմանով, որ առաջինը զենքը վայր պիտի դնի Դամակոսը. այս մասին հաղորդում է Itar-tass-ը:

«Մենք դրական ենք տրամադրված կռիվը դադարեցնելու ցանկացած հնարավորության նկատմամբ,- հայտարել է ՍԱԽ-ի առաջնորդ Աբդել Բասեթ Սեյդան:- Սակայն մենք կարծում ենք, որ այդ կոչն ուղղված է առաջին հերթին սիրիական իշխանությանը, որ շարունակում է ռմբակոծել քաղաքներն ու այլ բնակավայրեր»: Միաժամանակ, նրա խոսքով՝ Սիրիայի ազատ բանակը «ուղղակի պաշտպանվում է», որպեսզի «կանգնեցնի ռեժիմի ռազմական մեքենան»:

Թեհրանում կայացած բանակցությունների ժամանակ ՄԱԿ-ի և Արաբական երկրների Լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին կրկնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ Դամասկոսին ուղղված կոչը՝ «միակողմանիորեն դադարեցնել կրակը», որպեսզի հետո դրա հետ համաձայնի նաև «զինված ընդդիմությունը»: Հիշեցնենք, որ այդ հրադադարը պիտի տևի միայն համամուսուլմանական Իդ ալ-Ադհա (զոհաբերությունների) տոնի չորս օրերին՝ սկսած հոկտեմբերի 26-ից:

Բրահիմիի կոչին ի պատասխան Դամասկոսը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել հրադադարի տարբերակներ:

Նշենք, որ պատմությունը վկայում է, որ Արևելքում համաիսլամական տոնակատարությունների ժամանակ ընդունված է եղել դադարեցնել պատերազմները, ազատ արձակել գերիներին, բարեգործություն անել, ձգտել խաղաղության:

Մեկնաբանել