ԳՇ պետի խոստումները, որ իրականություն չդարձան

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մայիսի 29-ին պատասխանելով Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատման հետևանքով հայկական դիրքերը լքելու մասին լրագրողների հարցին, հայտարարեց, թե զբաղեցրած դիրքերից Զինված ուժերը դուրս չեն եկել։


«Էդ հարցերը մի ուղղեք, զբաղեցրած դիրքերից Զինված ուժերը դուրս չեն գալիս […]»,- ասել է ԳՇ պետը։

Լրագրողների ճշտող մի շարք հարցերին Ասրյանն անորոշ պատասխաններ տվեց. «Բանակն այդտեղ է, բանակը չի կարող ոչ մի տեղից դուրս գալ։ Սահմանապահ զորքերը, որտեղ իրականացնում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ մենք ևս պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն»։

#CivilNetCheck-ը ստուգել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի այս և այլ պնդումները։

Բանակը դիրքերից դուրս եկել է

Դեռ 2024-ի ապրիլի 19-ին վարչապետի աշխատակազմից հայտարարել էին, որ Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու զբաղեցրած դիրքերից։

Վարչապետի աշխատակազմի պաշտոնական պարզաբանումը։

Վարչապետի աշխատակազմի հրապարակած սահմանազատման քարտեզում նշված էին սահմանի այն հատվածները, որոնցում ճշգրտում է իրականացվելու։ Հետևապես այդ հատվածներում հայկական ուժերը պետք է հեռանան դեռ 90-ական թվականներից զբաղեցրած դիրքերից և հետ քաշվեն՝ սահմանի պահպանությունը փոխանցելով ԱԱԾ սահմանապահ զորքերին։

Վարչապետի աշխատակազմի հրապարակած սահմանազատման քարտեզը

Սահմանազատված քարտեզում մանուշակագույնով նշված սահմանագծի հատվածներում սահմանագծումն ու սահմանազատումն ավարտված են։ Այդ հատվածներում նախկինում առավել նպաստավոր դիրքերից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները արդեն իսկ դուրս են եկել և տարածքները անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Զինված ուժերի փոխարեն սահմանի սահմանազատված հատվածների պահպանությունը այսուհետ իրականացնում են ԱԱԾ սահմանապահ զորքերը։

Համադրելով պաշտոնական քարտեզը արբանյակային լուսանկարների հետ՝ #CivilNetCheck-ը հաշվեց, որ այդ հատվածներում արդեն իսկ իրականացված սահմանագծման և սահմանազատման արդյունքում Հայաստանի Զինված ուժերը լքել են շուրջ 10 մարտական դիրք։

Քարտեզում կարմիրով նշված են դիրքերը, որոնք արդեն անցել են Ադրբեջանին։

ԳՇ պետի նախկին վստահեցումները՝ ադրբեջանական զորքերի շրջափակման և նահանջի մասին

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ նույն ճեպազրույցի ընթացքում լրագրողները նրան հիշեցրին նաև 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ջերմուկի գրավված տարածքներից ադրբեջանցիների հետ քաշվելու իր վստահեցումների մասին։

Լրագրողների հարցին, թե Ջերմուկից ինչո՞ւ ադրբեջանական ուժերը հետ չեն քաշվել, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կրկին անոոշ պատասխաններ տվեց։

«Երբ որ դուք ուսումնասիրեք և հասկանաք զինվորական գործունեությունը՝ շրջափակում, շրջափակումից դուրս գալ, հետապնդում և այլ զարգացումներ, այն ժամանակ հարցը կուղղեք ինձ»,- ասաց Ասրյանը։ Նա միաժամանակ հարցը տված լրագրողին հորդորեց. «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքին կանգնեք, ու միասին կգնանք»։

Մինչդեռ, դեռ 2023-ի սեպտեմբերին՝ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիների ներխուժումից հետո, ԳՇ պետ Ասրյանն առանց երկիմաստությունների և «զինվորական գործունեության» նրբությունների, հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը շրջափակված են և մի քանի օր անց ստիպված կլինեն լքել գրաված դիրքերը։

«Մեր զինված ուժերը շրջափակել են հակառակորդի այդ մխրճված խմբերը, նրանց ջոկատները։ Եվ այդ իրադրությունը գտնվում է մեր հսկողության տակ»,- հայտարարել էր 2022-ի սեպտեմբերին Ասրյանը և մանրամասն նկարագրել շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խմբի սպասվող նահանջը։

«Մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա, չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա՝ իրենք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ապահովել, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի»,- ասել էր 2022-ի սեպտեմբերին Ասրյանը։

Մինչդեռ, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է վերահսկել Ջերմուկի ուղղությամբ և այլ հատվածներում առաջխաղացման հետևաՖնքով իր վերահսկողության տակ անցած առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածքը։ Ավելին՝ արբանյակային նկարները փաստում են, որ օկուպացված տարածքներում Ադրբեջանի զինված ուժերը ամրաշինական կառույցներ են ստեղծել և ծավալուն ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացրել։


Տես՝ Ի՞նչ ճանապարհներ է Ադրբեջանը կառուցել Ջերմուկի հատվածում

Ուշագրավ է, որ նույնանման պնդում Էդվարդ Ասրյանը հնչեցրել էր դեռ 2021-ի մայիսին, այդ անգամ Գեղարքունիքի մարզի Կութ-Նորաբակ հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժած տարածքներում վերջիններիս շրջափակման մասին։

«Մեր ստորաբաժանումները նաև թևահար համապատասխան հենակետեր են տեղադրել և հակառակորդը եռակողմ, կարելի է ասել, գտնվում է շրջափակման մեջ։ Ունի մեկ սնուցման ճանապարհ, որը գալիս է իրենց թիկունքից, այսինքն՝ Քարվաճառի շրջանից»,- ասել էր այն ժամանակ դեռ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ասրյանը։

Ադրբեջանցիների և նրանց սնուցման ուղիների շրջափակման մասին այդ օրերին նմանօրինակ և հաճախ հակասական հայտարարություններ էին անում ՀՀ պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը՝ այդ թվում Սյունիքի մարզում Սև լճի հատվածում «ադրբեջանցի զինվորականներին արգելափակելու» մասին։

Փաստացի տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հնչեցրած վստահեցումները, թե «օրերի ընթացքում» Ադրբեջանի որոշ շրջապատված խմբեր նահանջելու են Հայաստանի օկուպացված տարածքներից, չեն իրականացել։

Մեկնաբանել