«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանն այսօր՝ հունիսի 4-ին, աջակիցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց էր։
«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլոց։ Կիրանցում մարդկանց սեփականության իրավունքները ձեռքներից խլելը մարդու իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատ արգելելը խախտո՞ւմ է, թե՞ ոչ»,- հայտարարել է Բագրատ սրբազանը։
ՄԻՊ հանրային կապերի բաժնի պատասխանատու Արթուր Ասլանյանը մոտեցավ գրասենյակի դիմաց հավաքվածներին և հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին և ևս չորս հոգու՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Շարժման անդամները, սակայն, պնդել են, որ լրատվամիջոցների ներկայությունը հանդիպմանը պարտադիր է, քանի որ «սա հանրային, թափանցիկ գործընթաց է»։
Մի քանի ժամ սպասելուց հետո ցուցարարները ՄԻՊ գրասենյակի դիմացից երթով գնացին Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ «արձանագրելով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի չգոյությունը»։