Ակադեմիական քաղաքի հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հայեցակարգային աշխատանքներ են իրականացվել ակադեմիական քաղաքի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, ինչպես նաև քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով․ «Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- նշել է Անդրեասյանը:

***

Շուրջ երեք տարի առաջ կառավարությունը հայտարարեց ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին, որը, ըստ հայեցակարգի, պետք է ամբողջ ծավալով գործի 2030-ից։ Քաղաքի նախագիծը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Ըստ հայեցակարգի՝ ակադեմիական քաղաքում տեղակայված է լինելու մինչև 16 բուհ՝ մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհ: Նախագծում նշվում է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 4 կլաստերից, որտեղ և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է 44 000 մարդ։

Մեկնաբանել