Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Կապանի ֆուտբոլային մարզադաշտը՝ նպատակ ունենալով ներդրումներ կատարել այնտեղ ու մարզադաշտի հիման վրա և շրջակայքում մարզահամալիր հիմնել։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 6-ի նիստում։
Մարզադաշտի տարածքը շուրջ երկու հեկտար է: Ընդ որում, շենք-շինությունները պատկանում են մեկ անձի, հողամասը վարձակալության է հանձնված մեկ այլ անձի։ Այժմ կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը պատրաստվում է այն դարձնել լիովին պետական գույք։
«Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք, ինչի արդյունքում հնարավոր չէ մարզադաշտում իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ բացօթյա մշակութային միջոցառումներ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբը դարձել է ֆուտբոլի առաջին խմբի չեմպիոն և եկող մրցաշրջանում խաղալու է Հայաստանի պրեմիեր լիգայում։ Ըստ նրա՝ ակումբը պետք է հնարավորություն ստանա պատշաճ մարզադաշտ ունենալ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում հիշեցրեց, որ Հայաստանն ու Վրաստանը մտադիր են միասնական հայտով դիմել աշխարհի 2029-ի աշխարհի երիտասարդական առաջնությունը երկու երկրներում անցկացնելու համար։
Փաշինյանի նշել է, որ նախատեսվում է Հայաստանում մինչ այդ կառուցել երեք մարզադաշտ՝ մեկը 35 000 հանդիսականների համար, որը տեղակայված է լինելու ակադեմիական քաղաքի տարածքում, մյուս երկուսը կառուցվելու են Վանաձորում ու Իջևանում, որոնք նախատեսված են լինելու 10 000 հանդիսականների համար։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց՝ Վանաձորում հին մարզադաշտը վերակառուցվելու է, այժմ գործընթացը մեկնարկել է։