Ոսկեպարի հատվածում ականի պայթյունից սահմանապահ զինծառայող է վիրավորվել, տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը։
«Հունիսի 6-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում։ Այժմ նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն։
***
Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածում սահմանազատումից հետո այդ տարածքներում զինված ուժերի փոխարեն տեղակայվել են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Ապրիլ-մայիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, մասնավորապես, համաձայնեցրել էին Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածները։