Արցախցիների բնակարանային ապահովում․ նոր ծրագիր, հին խնդիրներ

Գևորգ Թոսունյան

Մկրտիչ Կարապետյան

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկսենյականոց բնակարանում վարձակալությամբ է բնակվում արցախցի Սոնա Համբարձումյանը, նրա անչափահաս որդին ու ծնողները։ Բնակարանի համար նրանք ամսական վճարում են 250 հազար դրամ։ Սոնան, ինչպես տասնյակ հազարավոր արցախցիներ, սպասում էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագրին, որը գործադիրն ի վերջո ընդունեց մայիսի 16-ին։

Սոնան ու նրա ընտանիքը կարող են օգտվել ծրագրի երրորդ փուլից, որը մեկնարկելու է 2027-ի հունվարից։

Երրորդ փուլն ընդգրկելու է առնվազն մեկ անչափաս երեխա ունեցող ընտանիքները՝ կառուցված կամ կառուցվող շենքից բնակարան գնելու, ինչպես նաև անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքերում։

«Իմ ընտանիքի մոդելն ուրիշ է, ես միածնող ընտանիք եմ՝ ես և իմ տղան՝ 12 տարեկան անչափահաս որդիս։ Մեզ հարկավոր է մեկսենյականոց բնակարան»,- նշեց Սոնան, որը Արցախից տեղահանվել է 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո։

Սոնան նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում։ Նա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամներից է, որը մարտի 20-ին հանրահավաք էր իրականացրել ու պահանջում էր հաշվի առնել նաև բնակարանային ապահովման ծրագրի իրենց առաջարկները։ Այս առաջարկներից որոշները, օրինակ՝ առաջնահերթությունների սահմանումը, ընդունվել են ծրագրում։

«Երբ անհանգիստ մարդկանց տեսա, որ լսել էին ծրագրի մասին ու դեմ էին նախնական մոդելին, որոշեցի ինքս էլ պայքարել։ Մենք կարծում ենք, որ այս ծրագիրը նպաստում է արտագաղթին»,- ասաց Սոնան։

Ներկա դրությամբ Հայաստանում ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 696 անձ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հաշվառման են կանգնել 83 942-ը, քաղաքացիության համար դիմել է 2 075 անձ, որոնցից 1 437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Դատելով այս թվերից՝ դեռևս արցախցիների շրջանում առանձնակի խանդավառությամբ չի ընդունվել ծրագիրը։ Հունիսի 15-ից այն պաշտոնապես կմեկնարկի։

Ինչ է ենթադրում նոր ծրագիրը

Արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին խոսվում է այս տարվա փետրվարից։ Նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։

Ծրագրին դիմելու առաջնային նախապայմանը Հայաստանի քաղաքացիություն ընդունելն է՝ ընտանիքի բոլոր անդամների կողմից։ Բացի այդ, ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, իսկ անշարժ գույքի արժեքը առավելագույնը 55 մլն դրամն է։ Եթե հավաստագրի իրացման դեպքում գումար է ավելանում, ապա այն կարող է ուղղվել երեք նպատակի իրականացմանը՝ գյուղնշանակության հողամասի գնում մինչև 5 մլն դրամ, տան վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամի, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման հնարավորություն՝ մինչև 2 մլն դրամի սահմաններում:

Կառավարությունը նաև ամրագրել է, որ աջակցության տրամադրումից հետո 10 տարիների ընթացքում ծրագիրը կարող է դադարեցվել, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն երկու չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը տարվա ընթացքում 183 օրից ավելի գտնվի Հայաստանից դուրս։

Այս դեպքում կառավարությունը հայտարարելու է բանկին, որ բնակելի տան կամ բնակարանի նկատմամբ աջակցությունը դադարեցվում է, գույքն անցնում է պետությանը։

Որ բնակավայրերում և ինչ գումարով արցախցիները կկարողանան տանիք ունենալ

Ծրագրի կարևորագույն բաղադրիչը հատկացվող գումարն է ու բնակավայրերի ցանկը, որտեղ արցախցիները կարող են բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել, ինչպես նաև մարել արդեն իսկ առկա հիփոթեքային վարկը։

Աջակցության չափը որոշվում է ընտրած բնակավայրով, այն 2-5 մլն դրամ է՝ ընտանիքի ամեն մի անդամի հաշվով, որտեղ 2 մլն դրամը նախատեսված է հիփոթեքի մարման համար։

Աջակցության 5 մլն դրամի չափը սահմանված է 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում: Դրանց ճնշող մեծամասնությունը սահմանամերձ է Ադրբեջանի հետ։ Աջակցության այս չափի շրջանակներում հնարավոր կլինի տուն կառուցել կամ բնակարան գնել նաև չորս քաղաքներում՝ Ճամբարակ, Գորիս, Դաստակերտ և Բերդ։

Երկրորդ՝ 4 մլն դրամի աջակցության հավասատագիրը գործելու է 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: Տվյալ պարագայում քաղաքները տասն են՝ Վարդենիս, Շամլուղ, Կապան, Մեղրի, Ագարակ, Սիսիան, Քաջարան, Վայք, Նոյեմբերյան և Այրում։ Երկրորդ ցանկում ավելանում են Լոռի, Շիրակ, Արագածոտն ու Արմավիր մարզերը, բայց դրանց ոչ բոլոր համայնքների դեպքում է 4 մլն աջակցությունը կիրառվելու։

Աջակցության այս երկու տարբերակները արտացոլող քարտեզը՝ ստորև․

Մյուս՝ 3 մլն դրամի հատկացումը գործում է մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի առաջին և երկրորդ գոտիներից։ Բացի այդ, կա նաև 2 մլն դրամի հատկացում, եթե ընտանիքն արդեն ունի հիփոթեք։ Տվյալ դեպքում էլ բացառությունը Երևանի վերոնշյալ գոտիներում գնված գույքերն են։

Ծրագիրը ֆինանսավորվելու է երեք փուլերով՝ ըստ արդեն իսկ հաստատված ժամանակացույցի։ Առաջին փուլը, մասնավորապես, ունենալու է երեք բաղադրիչ` բնակարանի կամ տան ձեռք բերում, բնակելի տան կառուցում և հիփոթեքային վարկի մարում։ Ընդ որում՝ այս փուլում առաջնահերթություն է սահմանվել երկու և ավելի անչափահաս երեխաներ, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անդամով ընտանիքներին։ Այս բաղադրիչները հերթականությամբ կսկսեն գործել հունիսի 15-ից, արդեն օգոստոսի 1-ից արցախցիները բոլոր բաղադրիչներից կարող են օգտվել։

Առաջին և մյուս փուլերի մասին ինֆոգրաֆիկան՝ ստորև.

Ինչ խնդիրներ են բարձրաձայնում արցախցիները

Արցախից բռնի տեղահանված, պահեստազորի սպա Կամո Ասլանյանի ընտանիքը կազմված է չորս հոգուց։ Ծրագրի մասին նա տեղյակ է, սկսել է անձնական փնտրտուքներն ու վերլուծությունը։ Նախևառաջ նա խնդրահարույց է համարում ՀՀ քաղաքացիություն ընդունելու պահանջը։

«Մարդկանց մոտ դեռևս հույս կա վերադարձի հետ կապված, մենք չգիտենք՝ մեկ կամ երկու տարի հետո ինչ կարող է փոխվել»,- ասաց Ասլանյանը։

Նրա հետ համաձայն է Սարինե Հայրիյանը՝ շեշտելով, որ արցախցիների մոտ կարծիք է ձևավորվել, որ քաղաքացիություն փոխելով՝ նրանք «թաղում են քաղաքական իրավունքները բարձրացնելու հարցը»։

«Քաղաքական իրավունքների խնդիր կա․ առ այսօր բազմաթիվ մարդիկ վերադարձի հույս ունեն և կարծում են, որ քաղաքացիություն փոխելով՝ իրենք թաղում են քաղաքական իրավունքները երբևէ բարձրացնելու հարցը։ Բացի այդ, սա շատ արցախցիների համար ինքնության հարց է ևս»,- նշեց մեր զրուցակիցը։

Կամո Ասլանյանի խոսքով էլ՝ որոշումը չի հստակեցնում նաև մեկից երեք անձանցից կազմված ընտանիքներին սոցիալական բնակարաններ տրամադրելու գործընթացը, ինչպես նաև բացառապես թոշակառուներից կազմված ընտանիքների հարցը։ Նա կարծում է, որ ծրագրում հաշվարկված չեն անշարժ գույքի թանկացման ռիսկերը․ «Օրինակ՝ իմ ընտանիքը երեք տարի հետո է շահառու դառնալու, մենք տեղյակ չենք՝ այդ 3-5 մլն դրամը տվյալ բնակավայրում ինչ արժեք կունենա։ Կարծում եմ՝ պետք է հստակ ամրագրվի, որ բնակարանների գնի փոփոխությանը զուգընթաց ծրագրով նախատեսված գումարներն էլ պետք է վերանայվեն»։

Սարինե Հայրիյանն անարդար է համարում բնակավայրերի սահմանափակումը․ «Մարդը տեղահանվել է բռնի կերպով, ամեն ինչ թողել է, հիմա եկել ու տեղավորվել է, մի կերպ լուծում է իր հարցերն այս երկրում, և իրեն ասում են՝ եթե դու շատ գումարի կարիք ունես, պետք է ընտրես կոնկրետ բնակավայրեր։ Իմ կարծիքով՝ սա շատ անարդար մոտեցում է, ընդհանրապես, պետք է բնակավայրերի սահմանափակումը հանել»,- նշեց Հայրիյանը։

Ասլանյանը ևս դեմ է բնակավայրերի ընտրության տրամաբանությանը։ Ասում է՝ տրամադրվող աջակցության չափը չի հերիքում երևանամերձ համայնքներում, օրինակ՝ Կոտայքի մարզում, անգամ հողամաս ձեռք բերել։

Նա նաև առաջնային է համարում ուսանողներ ունեցող ընտանիքների հարցը․ «Նման ընտանիքները, որ գնան գյուղական բնակավայրեր ու տուն ձեռք բերեն, ստիպված են լինելու մեկ այլ բնակարան էլ վարձել Երևանում, որ իրենց ուսանողները սովորեն»։

Նա պնդում է, որ Պաշտպանության բանակի իրավահաջորդը ՀՀ պաշտպանության նախարարությունն է, որը չի արձագանքում պահեստազորի սպաների բնակարանների խնդրին․ «Ունենք մոտ հազար սպա, որոնք հերթագրվել էին ու պետք է բնակարան ստանային։ Ներկայում պարզ չի, թե այս ծրագիրը Հայաստանում կշարունակվի, թե՝ ոչ»։

Ինչպես է իրականացվելու ֆինանսավորումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում մանրամասնեց աջակցություն տրամադրելու կարգը։ Այն կհաստատվի կառավարության առաջիկա նիստերում։

Փոխվարչապետի խոսքով՝ նախ ընտանիքի բոլոր անդամները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, այնուհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կներկայացնեն դիմում, որը կնույնականացնի ընտանիքին՝ հաշվառելով իր բազայում և կտրամադրի տան գնման կամ կառուցման սերտիֆիկատ։

Այդ սերտիֆիկատը ներկայացման ենթակա է լինելու բանկերից որևէ մեկին․ «Եթե դա գնման սերտիֆիկատ է, ապա անձը կգնա բանկ, բանկը այն կամրագրի՝ որպես գնման իրավունք։ Երբ անձը գտավ անշարժ գույք, բանկը վաճառքի դիմաց վճարումը կապահովի նույն օրը»։

Եթե գումարը չի բավարարում, ապա ընտանիքը կարող է հավելյալ ֆինանսներ ներգրավել՝ սեփական կամ վարկային միջոցներից։ Տվյալ դեպքում, բանկի կողմից վարկավորման գումարը պետք է լինի ոչ պակաս, քան պետության կողմից տրամադրված աջակցության կեսը։

Նույն տրամաբանությունը գործելու է առանձնատան կառուցման պարագայում։ Այս դեպքում էլ ծրագիրն ունի հստակ պահանջ՝ բոլոր կառուցապատումները պետք է իրականացվեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից։

Հարցին, թե արդյոք նման պահանջի սահմանումը չի թանկացնի տան կառուցումը, Խաչատրյանը պատասխանեց․ «Շատ հնարավոր է՝ թանկացնի, բայց շատ կարևոր է նաև, որ այդ կառուցումը սկսվի և ավարտվի։ Եթե մենք նման պայման չսահմանեինք, մարդիկ կսկսեին շինանյութ գնել ու վարպետ վարձել, տվյալ դեպքում չի բացառվում, որ ինչ-որ փուլում հասկանան, որ ճիշտ չեն հաշվարկել՝ գիտելիքների, փորձի ու օբյեկտիվ այլ հանգամանքների պատճառով։ Արդյունքում մարդիկ կկանգնեն այն փաստի առջև, որ չեն կարողանա շինարարությունը հասցնել ավարտին։ Մեր նպատակն է, որ շինարարությունը սկսվի և ավարտվի հնարավորինս ցածր ռիսկերով»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Որտեղից ու ինչպես է պետությունը տրամադրելու աջակցությունը

Ըստ կառավարության հաշվարկների՝ ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 25 հազար ընտանիք։ Միջին հատուցման դեպքում նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տների, բնակարանների կառուցման կամ ձեռքբերման արժեքը կազմելու է 500 մլրդ դրամ։ Բանկային տոկոսները ներառյալ՝ պետությունը ծրագրի համար ծախսելու է 700-800 մլրդ դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս ծախսը մարվելու է պետական բյուջեից․ «Մենք 500 մլրդ մասին խոսել ենք՝ ենթադրությամբ, որ շահառու ընտանիքների քանակը կարող է հասնել 25 հազարի, այսինքն՝ այդքան գույք կարող է գնվել։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով կառավարությունը կկազմի այն ծախսերի տողը, որով գործադիրը կսպասարկի բանկերի նկատմամբ պարտավորությունը»։

Նոր ծրագրով կանխավճար լինելու է, բայց պետությունն այն կվճարի

ՀՀ կառավարությունը 2022-ի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատել էր Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր, որի շահառուները հնարավորություն չեն ունենա օգտվել այս նոր ծրագրից։ Այդ ծրագրի շահառու է մոտ 4 400 ընտանիք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ ներկայում հավաստագիր է ստացել 3 901 ընտանիք, իսկ հավաստագրով բնակելի անշարժ գույք է ձեռք բերել կամ կառուցել 2 661-ը։

Այս ծրագիրը նախատեսում է նաև կանխավճարի մուծում շահառու ընտանիքի կողմից։ Նոր ծրագրում, մինչդեռ, ամրագրվում է, որ կանխավճարը կմուծի պետությունը։

Ինչ են ասում ծրագրի քննադատները

Ընդունված ծրագրի ընդդիմախոսներից է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։ Նա կարծում է, որ 4 և 5 մլն դրամի հատկացումների համար նախատեսված բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու հետաքրքրությունը ցածր է։

«Այս ծրագրով տեղաբնիկ բնակչությանը փոխարինում են արցախցի բռնի տեղահանվածներով»,- կարծում է Խանումյանը։

Նա առաջարկում է փոխել ծրագրի մոդելը, այն է՝ ստեղծել փոքր համայնքներ, օրինակ, Սյունիքում՝ դրանք բնակեցնելով արցախցիներով։ Բացի այդ, նրա առաջարկը ներառում է նաև պետական աջակցության ծրագրերի մեկտեղումը։

«Մենք առաջարկում էինք գնալ հատկապես Սյունիքի մարզում Արցախի բնակչության համար նորմալ բնակավայրեր ստեղծելու ճանապարհով և կոնսոլիդացնել գյուղատնտեսության շրջանում պետական աջակցության ծրագրերը՝ կլաստերներ ստեղծելու համար»,- հայտնեց Խանումյանը։

«Նրանց տրամաբանությունն այն է, որ նախկինում նույն գյուղում ապրող ընտանիքները շարունակեն համատեղ կենցաղը։ Մենք էլ ասում ենք՝ անցյալում նույն գյուղում հավաքված հարևան-բարեկամները կարող են հավաքվել, որոշել, որ գնում են որևէ մի գյուղ, ձեռք են բերում հարակից հողամասեր ու համատեղ համայնք ձևավորում»,- նշում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա դեմ է այն տրամաբանությանը, թե այսկերպ սահմանամերձ գյուղերի բնակչությունը փոխարինվում է Արցախից բռնի տեղահանվածներով․ «Ո՞նց պետք է սահմանամերձ գյուղի բնակիչը Երևանում տուն գնի, եթե նա, ում մենք տվել ենք այդ աջակցության գումարը, ինքը չի կարողանում մայրաքաղաքում տուն ձեռք բերել»,- հարց է բարձրացնում Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ եթե արցախցիները ցանկանում են Երևանում կամ երևանամերձ մարզերում տուն գնել, քանի որ այստեղ աշխատանք կա, ապա ծրագիրը նրանց միայն կօգնի այդ հարցում։

«Մենք ասում ենք՝ վերցրեք այս աջակցության միջոցը, ունեցեք աշխատանք, դիմեք բանկին, որը կհամաձայնի վարկավորում ավելացնել ստացված միջոցներին և գնեք ավելի բարձր արժեքով գույք, որը նախընտրում եք ունենալ Երևանում կամ մարզերում, քանի որ ունեք աշխատանքի հնարավորություն։ Օրինակ՝ գնեք ոչ թե 15 մլն դրամ արժողությամբ գույք, այլ 20 մլն դրամ՝ վերջին 5 մլն դրամն անձի աշխատանքով ապահովված լիելու հաշվին մարելու խոստումով»,- նշեց Խաչատրյանը։

Գլխավոր լուսանկարն արվել է Մարաղա գյուղում 2020-ի նոյեմբերի 18-ին

  • Բարև Ձեզ։ Դիմում ներկայացնելուց հետո ինչպես և որ ծրագրի միջոցով կարող են ստուգել , արդյոք բնակարանային ապահովման ծրագրի շահառու են թե ոչ Արցախցի բազմազավակ ընտանիքը։

Մեկնաբանել