Աուդիտը շարունակում է խնդիրներ արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հաշվետվություններում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը «Թրասթ աուդիտ» ընկերության կողմից բացասական եզրակացության էր արժանացել։ Կուսակցության 2023-ի հաշվետվության հետ կապված ևս ընկերությունը վերապահումներ է հայտնել։
ՔՊ-ի 2023-ի տարեկան հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը մի շարք նույնաբովանդակ խախտումներ նկատել, ինչ 2022-ին։ Ըստ աուդիտի՝ ՔՊ-ն շարունակել է ստանալ սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ անհատներից, անանուն նվիրատվություններ, ինչպես նաև նվիրատվություններ իրավաբանական անձանցից։ Կուսակցությունների մասին օրենքն արգելում է այս 3 բնույթի նվիրատվություններն ընդունել։ Այսպես
- 18 նվիրատվությունների դեպքում այն գերազանցել է «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված 2,5 միլիոնի սահմանաչափը՝ 10,2 միլիոն դրամի չափով։
- 8 իրավաբանական անձինք ՔՊ-ին 4,3 միլիոն դրամ են փոխանցել։ Օրենքն արգելում է իրավաբանական անձանցից նվիրատվություն ներգրավել։
- Անանուն նվիրատվությունները ևս օրենքով արգելված են, բայց ՔՊ-ն նման եղանակով 6,6 միլիոն դրամ է ստացել։
- Ըստ աուդիտի՝ ՔՊ-ն 122,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունների, անդամավճարների, մուտքի վճարների չափը գերազանցող գումարներ է ստացել։ Կուսակցությունը, օրենքի պահանջով, պարտավոր էր սա հետ փոխանցել նվիրատուներին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետք է փոխանցեր պետական բյուջե։ Այս գործողությունները չեն կատարվել, սահմանաչափը գերազանցած 122,7 միլիոն դրամը ՔՊ-ն պահել է իր հաշիվներում։
- Աուդիտի գնահատմամբ՝ ՔՊ-ին նվիրատվություն ու անդամավճար կատարած 2 400 անձանց անձնագրային տվյալները թերի են լրացվել։
- Ըստ աուդիտի՝ ՔՊ-ի հաշվապահական հաշվառման համակարգը հնարավորություն չի ընձեռել ձեռք բերել 8,5 միլիոն դրամի հարկային պարտքերի ամբողջականության, արժանահավատության մասին տեղեկություններ։
- «Կուսակցությունների մասին» օրենքն արգելում է որևէ կանխիկ գործարք։ Աուդիտի համաձայն՝ ՔՊ-ում 42 000 դրամի կանխիկացումներ են կատարել։
Այս բոլոր խնդիրները արձանագրելուց հետո «Թրասթ աուդիտ»-ը ՔՊ-ի 2023-ի հաշվետվությունը ընդհանուր առմամբ ճշմարիտ է գնահատել՝ վերապահումներ հայտնելով վերը նշված գործողությունեների հետ կապված։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի հրապարակել 2022-ի աուդիտի վերաբերյալ եզրակացությունը
«Թրասթ աուդիտ»-ը բացասական էր գնահատել ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը։ Այն գրեթե նույնական խնդիրներ էր բացահայտել, ինչ 2023-ի դեպքում։ 2023-ի դեպքում սակայն օրենքով արգելված նվիրատվություններն ու անդամավճարների չափը շատ ավելի մեծ է՝ 122 միլիոն դրամ, որը կուսակցության կողմից հետ չի փոխանցվել դրանց հեղինակներին։
Կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը դրված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) վրա։ Հանձնաժողովը աուդիտի արդյունքները ստանալուց հետո պարտավոր է ստուգել այն և համապատասխան գործընթաց նախաձեռնել։ Ընդ որում, աուդիտի և ԿԿՀ-ի կողմից ստուգման արդյունքում կարող է ինչպես վարչական վարույթ նախաձեռնվել, այնպես էլ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ԿԿՀ-ը կարող է դիմել դատախազություն։ Մինչ այժմ ԿԿՀ-ն 2022-ի աուդիտի վերաբերյալ ՔՊ-ի հետ կապված որոշում չի կայացրել։
Սիվիլնեթի գրավոր հարցմանը ԿԿՀ-ից հունիսի 5-ին արձագանքել են՝ «Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժինն ավարտել է պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը, սակայն ստուգման արդյունքում կազմված արձանագրությունները դեռևս չեն քննարկվել Հանձնաժողովի նիստում»։
Մկրտիչ Կարապետյան