Հունիսի 4-ին Հնդկաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, որոնք սկսվել էին ապրիլի 19-ին և երկրի տարածքում անցկացվում էին փուլերով։ Ընտրություններում հաղթանակ տարավ գործող վարչապետ Նարենդրա Մոդիի ղեկավարած Բհարաթիա Ջանաթա կուսակցությունը (Bharatiya Janata Party): Մոդին Հնդկաստանը ղեկավարում է 2014-ից և նոր մանդատով երկիրը կառաջնորդի ևս հինգ տարի։ Նախորդ տասը տարվա ընթացքում Հնդկաստանը ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել՝ ամրապնդելով այդ երկրի տարածաշրջանային դիրքերը։ Հնդկական Observer Research Foundation հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Հնդկաստանի վերջին տասնամյակի արտաքին քաղաքականության մասին։ Զեկույցի նախաբանը, որ գրել է հետազոտական կենտրոնի փոխնախագահ, պրոֆեսոր Հարշ Վ․ Փանթը, թարգմանաբար ներկայացված է ստորև։
Քաղաքականության մեջ օրը կարող է երկար լինել, բայց արտաքին քաղաքականության մեջ նույնիսկ տասնամյակը սովորաբար բավական չէ լուրջ գնահատականի համար: Անցած տասնամյակը, սակայն, ֆենոմենալ էր գլոբալ քաղաքականության մասշտաբով փոփոխությունների առումով: Հնդկաստանում նույնպես քաղաքականությունը տեկտոնական տեղաշարժեր ապրեց՝ անխուսափելիորեն ազդելով երկրի արտաքին քաղաքականության վրա: Սակայն դա այնքան էլ ինքնըստինքյան չէր և մեծապես՝ արտաքին հարաբերությունների ոլորտում վարչապետ Նարենդրա Մոդիի ներգրավվածության արդյունքն էր, երբ Հնդկաստանը սկսեց ավելի ազդեցիկ տեղ զբաղեցնել ժամանակակից միջազգային գործերում: 2019-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնում Սուբրահմանյամ Ջայշանքարի նշանակումը Հնդկաստանին թույլ տվեց դիմակայել վերջին տարիների անհանգիստ գլոբալ միջավայրին:
2014-ին, երբ Մոդին ստանձնեց վարչապետի պաշտոնը, քննադատները շտապեցին նրան պիտակել որպես «գավառական քաղաքական գործիչ», որը չունի արտաքին քաղաքականության փորձ: (2001-14 թթ․ Մոդին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի նահանգապետն էր)։ Նրա «հինդու ազգայնական» մոտեցումը որպես հնարավոր խոչընդոտ էր դիտվում Հնդկաստանի հարաբերությունների համար, հատկապես՝ իսլամական աշխարհի հետ: Այնուամենայնիվ, Մոդին զարմացրեց և՛ քննադատներին, և՛ կողմնակիցներին՝ որդեգրելով պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որը կենտրոնացած է «Առաջինը Հնդկաստանը» սկզբունքի վրա:
Անշուշտ, որպես գլոբալ քաղաքականության էական դերակատարի՝ Հնդկաստանի վերելքը մեծապես պայմանավորված է նաև միջազգային կարգի կառուցվածքային փոփոխություններով: Ուժերի փոփոխվող հարաբերակցությունը և Արևմուտքում Չինաստանի նկատմամբ աճող դժգոհությունը գլոբալ ուշադրությունը սևեռել է Հնդկաստանի վրա, որն այժմ աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսությունն է: Բարենպաստ ժողովրդագրությունը, գրավչությունը որպես այլընտրանք Չինաստանին և ռազմավարական դիրքը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծացրել են Հնդկաստանի նշանակությունը:
Աճել է նաև Նյու Դելիի նախաձեռնողականությունը գլոբալ թատերաբեմերում, ինչը համահունչ է կանոններ ձևավորողի, այլ ոչ թե զուտ հաստատված կանոններով խաղացողի նպատակներին: Համաշխարհային թատերաբեմում Մոդիի դիվանագիտությունը թևեր է տվել Հնդկաստանի՝ գլոբալ առումով ավելի մեծ դերակատարության ձգտումներին: Հնդկաստանի արտաքին քաղաքականությունը առավելագույնս օգտագործել է այս հնարավորությունը համաշխարհային գործերում: Վերջին տասնամյակում Հնդկաստանը կորցրել է գլոբալ քաղաքականության մեջ «հավերժ մերժող» լինելու իր կերպարը, և աշխարհն այժմ տեսնում է նրան որպես մի երկրի, որն առավել քան պատրաստակամ է նպաստելու գլոբալ կառավարմանը:
Վերջին տասնամյակում թուլացել է երկար տարիների արհեստական բաժանումը ներքին և արտաքին քաղաքականության միջև: Հնդկաստանի առաջնային ուշադրությունը մնում է նրա ներքին զարգացումը, որը պահանջում է համապարփակ, համագործակցային մոտեցում: Հնդկական դիվանագիտությունը համահունչ է զարգացման այդ նպատակներին, ինչը բխում է Նյու Դելիի արտաքին պրագմատիկ դիրքորոշումից: Հնդկաստանի կարիքները, այլ ոչ թե գաղափարախոսություններն են ձևավորում նրա հարաբերությունները: Պրագմատիկ այս մոտեցումն ակնհայտ է Արևմուտքի հետ Հնդկաստանի ամուր կապերի և Ռուսաստանի հետ նրա կայուն գործընկերության մեջ՝ ուկրաինական բարդ ճգնաժամի պայմաններում: Իրոք, Հնդկաստանին հաջողվել է արդյունավետ կերպով իր գլոբալ դերակատարությունը մեկուսացնել նմանօրինակ ցնցումներից:
Մոդիի կառավարությունը «Նախ հարևանությունը» կարգախոսով տարածաշրջանային քաղաքականությամբ ձգտել է խթանել տարածաշրջանային կայունությունն ու բարգավաճումը` գիտակցելով անվտանգ և համագործակցող հարևանության կարևորությունը Հնդկաստանի ընդհանուր զարգացման և անվտանգության համար: Հնդկաստանի շփումը հարևանների հետ ուղղված է երկարամյա խնդիրների լուծմանը և տնտեսական ու մշակութային կապերի սերտացմանը: Հնդկաստանը ձգտում է նաև հակակշռել Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես Act East («Գործելով դեպի արևելք») քաղաքականության միջոցով, որի նպատակն է խորացնել ներգրավվածությունը Հարավարևելյան Ասիայի երկրների հետ: Հարավային Ասիայում Նյու Դելիի քաղաքականության կիզակետը Պակիստանից, որի վրա նա երկար ժամանակ կենտրոնացած էր, տեղափոխվել է դեպի ավելի արդյունավետ Բենգալյան ծոցի աշխարհագրություն, որը նրան ավելի օրգանական կապ է հաղորդում Հարավային և Հարավարևելյան Ասիայի հետ: Պակիստանի հետ հարաբերություններից ուշադրությունը այլ ուղղությունների վրա կենտրոնացնելը Հնդկաստանի վերջին տասնամյակի ամենակարևոր ձեռքբերումն է, ինչը Նյու Դելիին թույլ է տալիս կենտրոնանալ ռազմավարական իրական մարտահրավերի վրա, որը Չինաստանն է:
Մոդին սկսեց Չինաստանից՝ դիվանագիտական ներգրավվածության միջոցով փորձելով կառավարել նրա վերելքը: Պեկինը, սակայն, այլ ծրագրեր ուներ։ Իսկ 2020-ին Գալվան գետի հովտի ճգնաժամից հետո Հնդկաստանը համարձակ դիրքորոշում ընդունեց, որին նա մնում է հավատարիմ։ Հնդկա-չինական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ սահմանային խնդիրը չի կարգավորվել: Հնդկաստանի աճող դերը Արևելյան և Հարավարևելյան Ասիայում և նրա հակվածությունը ձևավորելու ավելի լայն հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարական ուրվագծեր, նշմարում են նոր իրականություն, որում Նյու Դելին անվստահ չէ, քանի որ տարածաշրջանային և գլոբալ ավելի մեծ դերի է ձգտում:
Անցած տասնամյակում Նյու Դելին դիմակայել է հակառակորդներին և դաշնակիցներ ձեռք բերել, ինչի համար, ինչպես անցյալում, գաղափարական սահմանափակումներ չեն եղել: 2014-ին Հնդկաստանը միայնակ էր Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը մարտահրավեր նետելու հարցում։
Հնդկաստանը վճռականորեն արձագանքեց չինական ռազմական ագրեսիային և համագործակցեց ԱՄՆ-ի հետ՝ առանց լիարժեք դաշնակցություն հաստատելու: Միևնույն ժամանակ, Հնդկաստանը ներգրավեց Արևմուտքին՝ ուժեղացնելու իր ներքին կարողությունները: Պրագմատիկ այս մոտեցումը ուժերի հավասարակշռությունը փոխել է ի շահ Հնդկաստանի: Այսօր Հնդկաստանի առաջնային ուշադրությունը կենտրոնացած է բոլոր ոլորտներում իր կարողությունների ընդլայնման վրա, ինչը հնարավորություն կտա հստակ և ռազմավարական ներգրավվածություն ունենալ գլոբալ գործընկերների հետ:
Աշխարհը միգուցե վարժվել էր ներքին թեմաներ բարձրաձայնող Հնդկաստանին: Այսօր այն լսում է պատասխանատու դերակատարի ձայն, որը, չնայած հաստատուն է իր էթոսի, արժեքների և սկզբունքների մեջ, բայց նաև չի խուսափում գլոբալ պարտավորություններից:
2020 և 2021 թվականներին՝ Հարավային Ասիայում COVID-19-ի պիկին, Նյու Դելին գլխավորեց տարածաշրջանի մակարդակով համավարակին հակազդելու գործողությունը, որն այնուհետև իր ծավալով դարձավ գլոբալ: Հնդկաստանի նախաձեռնությունը՝ աջակցելու հարևաններին դեղորայքի կարևոր պաշարներով, իսկ հետագայում կյանքեր փրկող պատվաստանյութերի չափաբաժիններով՝ որպես Vaccine Maitri նախաձեռնության մաս, այդ նոր վստահության արտացոլումն էր, որ Նյու Դելին կարող է լուծումներ առաջարկել գլոբալ մարտահրավերներին: 2023-ին Մեծ քսանյակում Հնդկաստանի նախագահությունը երկիրը դիրքավորեց որպես զարգացող պետությունների հավաքական ձայն, և դա միջազգային ասպարեզում Մոդիի առաջնորդության մի օրինակ էր:
Համաշխարհային կարգը վերափոխվում է արագ և անկանխատեսելի: Նյու Դելին ետ նայելու շքեղություն չունի և պետք է շարունակի ակտիվ արտաքին քաղաքական կեցվածքը՝ որպեսզի կարողանա առավելագույնս օգտագործել նոր իրողությունների ընձեռած հնարավորությունները։ Հնդկաստանի ղեկավարների առջև ծառացած մարտահրավերները նշանակալի են: