Արամ Խաչատրյանը, Սարոյանն ու Երևանի մետրոն

Հունիսի 6-ին Երևանի մետրոյում ուղևորները Արամ Խաչատրյանի երաժշտություն էին լսում։ Մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն էր, և մետրոպոլիտենի տնօրինությունը որոշել էր այդպես ուղևորներին հիշեցնել օրվա մասին։ Մի տեղ «Գայանե» բալետի հայտնի «Սուսերով պարն» էր հնչում, մեկ այլ կայարանում՝ «Դիմակահանդես» բալետի վալսի մեղեդին։ Այս երկուսը Խաչատրյանի ամենահայտնի և համաշխարհային տարածում գտած ստեղծագործություններն են։ Սակայն միշտ չէ, որ որևէ բնագավառում ստեղծագործող մեծ արվեստագետի գլուխգործոցն է ամենամեծ ճանաչումը գտնում աշխարհում։ Թե՛ «Սուսերով պարը», թե՛ «Դիմակահանդեսի» վալսը, որ Խաչատրյանի ամենահաճախ հնչող ստեղծագործություններն են, արվեստի կատարելություն են և պատիվ կբերեին աշխարհի ամենամեծ կոմպոզիտորին։

Բայց համամիտ եմ այն մասնագետների հետ, որոնք կարծում են, թե Խաչատրյանի երաժշտական ժառանգության գագաթը նրա Երկրորդ սիմֆոնիան է։ Հայ մեծանուն կոմպոզիտորի ժամանակակիցը, ընկերն ու համաշխարհային հռչակի հասած Դմիտրի Շոստակովիչը, որը ներկա է եղել Երկրորդ սիմֆոնիայի առաջին համերգային կատարումներից մեկին, գրել է, թե դա Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն է, որում ողբերգությունն այդքան բարձր է ու ավելացրել․«Բայց, չնայած իր ողբերգական էությանը, այս ստեղծագործությունը համակված է խորը լավատեսությամբ և հաղթանակի նկատմամբ հավատով։ Ողբերգականության և կենսահավատության համակցումը մեծ ուժ է ձեռք բերում այստեղ»։

Դժվար է այնպիսի վերացարկված արվեստում, ինչպիսին դասական երաժշտությունն է, այն էլ՝ սիմֆոնիան, բառերով թեմա ու բովանդակություն ձևակերպել։ Այդ մասին մի անեկդոտ կա։

Դասական համերգի երկու հանդիսական շշուկով քննարկում են, թե ինչի մասին է երաժշտությունը․

-Զգո՞ւմ եք աշնան շունչը, անձրևային մեղեդին ու թախծոտ տրամադրությունը։ Աչքիս առաջ տերևաթափ է պատկերվում։

-Ի՞նչ եք ասում, ի՞նչ աշուն, մի՞թե չեք լսում գարնանային առվակների կարկաչը, բնության զարթոնքը։

Վեճը ընդհատվում է, երբ հնչում է հաղորդավարի ձայնը․ «Հարգելի հանդիսատես, երաժիշտները լարում էին գործիքները, երկու րոպեից կսկվի համերգը»։

Այս անեկդոտին թեև ծանոթ էի, բայց փորձում էի հասկանալ, թե ինչն է ինձ գրավում Խաչատրյանի Երկորդ սիմֆոնիայում։ Շոստակովիչի մոնումենտալ բնորոշումը փորձում էի մասնատել, մանրամասնել ու հասկանալ, թե «ինչի մասին» է այդ հանճարեղ ստեղծագործությունը։

Օգնությունը հասավ շատ անակնկալ ու անսպասելի, երբ կարդացի Վիլյամ Սարոյանի «Արամ Խաչատրյան» էսսեն։ Արամ Խաչատրյանի հետ մեկտեղ աշխարհի մյուս ամենանշանավոր հայը՝ Սարոյանը, փորձում է անել անհնարինը՝ բառերով ձևակերպել, թե ինչի մասին է Երկրորդ սիմֆոնիան։ Ավելի ճիշտ՝ տալ այդ երաժշտությունից իր լսածն ու ընկալածը։ Եվ պատկերացրեք՝ հաջողում է։ Սարոյանի նուրբ զգայականությունը, գրական տաղանդն ու օժտվածությունը հավանաբար բավարար չէին լինի, եթե արյան բջիջներով կապված չլիներ հայ իրականությանը, մշակույթին ու մելոսին։

Դժվար է դիմանալ այստեղ Երկրորդ սիմֆոնիային վերաբերող սարոյանական ամբողջ տեքստը մեջբերելու գայթակղությանը, բայց դա կանեմ մասնակի ու կրճատումներով․ «Կանգնած էի գրակալի մոտ, գրամեքենայիս կողքին, Ֆրեզնոյի իմ պայծառ ծննդավայրի տանը…Միացրեցի FM ռադիոընդունիչն ու սկսեցի աշխատել: Բարձրաձայն խոսելով գրում էի, որ հանկարծ ականջիս հասան արտասովոր երաժշտության հնչյունները, թեև ձեռքս շարունակում էր գրել, բայց միտքս դադար էր առել: Անսպասելիորեն երաժշտության մեջ մի բան կատարվեց, որ երբեք ու ոչ մի ժամանակի որևէ կոմպոզիտորի ստեղծագործության մեջ չէի հանդիպել… զարմանալի մի ճիչ լսվեց, մարդկային հոգու մի կանչ… հետո դա կրկնվեց երկրորդ, երրորդ անգամ, և ես դադարեցի հաշվել: Մտածեցի, ամենակարող Քրիստոս, ո՞վ է այս երգահանը և ի՞նչ է անում: Վստահաբար Հայդն, Հենդել, Մոցարտ, Բեթհովեն կամ Չայկովսկի չէր: Ոչ էլ, ասենք, իմ մտերիմ Գերշվինը: Ով էլ լիներ, կարողացել էր խոսել մարդկային ցեղի անունից և համայն մարդկության սրտից՝ տառապած, հպարտ, փափագող, տխուր, հուսահատ, երջանիկ… Իսկ անծանոթ երաժշտությունը շարունակում էր փոթորկվել, որոտալ ու պարել, ծորալ աղոթքի պես ու նորից ճչալ, ճչալ, ճչալ…տարօրինակ զանգեր, ի՞նչ էր այս ամնեը նշանակում, ինչի համար էր բարձրագոչ ժամկոչը… Երաժշտությունն ավարտվեց, լսեցի, թե ինչպես հաղորդավարը նման մի բան ասաց՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան կատարեց Վիեննայի նվագախումբը՝ հեղինակի ղեկավարությամբ»:

Կարո՞ղ եմ պատասխանել Սարոյանի հարցին, թե ինչ զանգեր են հնչում և ինչ ճիչեր են լսվում։ Գուցե հայ եկեղեցու զանգակատների՞ց է այն լսվում՝ մերթ որպես Հայոց մեծ ողբերգության ձայնը աշխարհի խուլ ականջաթաղանթին հասցնելու անհնարինության բողոք, մերթ որպես դեպի Սարդարապատ ուղեկցելու կոչնակ։ Կոմպոզիտորն ինքն իր մասին ասում էր․ «… Կոմիտասը եղել է, կա ու կմնա իմ ամենամեծ ուսուցիչը»: «Աղոթք ու ճիչ», – գրում է Սարոյանը։

Եթե դա հայի աղոթքն է ու ճիչը, ապա ինչով է այդ երաժշտությունը ընկալելի ու սիրելի այլազգիների համար։ Պատասխանը հստակ է։ Աշխարհում ամենուր մադու հոգին նույն կերպ է ճչում ցավից, նույն կերպ է դողում, սարսռում ու ոգեղեն սպասումով լցվում աղոթելիս։ Արամ Խաչատրյանն իր Երկրորդ սիմֆոնիան գրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածանր ու բախտորոշ շրջանում և կարողացել է մեր ցավը համամարդկային աղոթք ու ճիչ դարձնել։ Միամտություն կլինի կարծել, թե միայն սա նկատի առնելով էր կրկնում․ «Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ»:

Հունիսի 6-ին Երևանի մետրոյում ջահելների մեծ մասը մի պահ կտրվում էր հեռախոսից, հանում ականջակալները․․․, հետո նորից տեղը խցկում։ Բայց միևնույն է, այս փորձը կարելի է ավանդույթ դարձնել։ Ոչ միայն մետրոյոմ, ոչ միայն Խաչատրյանի հոբելյանի օրը և ոչ միայն խաչատրյանական երաժշտությունը։ Դասական երաժշտությունը պիտի հնչի հանրային վայրերում։ Հնչի մեղմ, ցածրաձայն, առանց մարդկանց խանգարելու։

Մեկնաբանել