«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ Ցուցարարները, շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։

Սրբազանը հայտարարել է, որ ցուցարարները որևէ տեղ չեն գնալու։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը 4 օր՝ 96 ժամ, փողոցում է լինելու՝ իր կամքը պարտադրելու նպատակով։

Հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել էր ընդդիմադիր խմբակցություններին կառավարության հրաժարականի օրակարգով նիստ գումարելու հարցով։ Նիստը, ըստ նրա՝ պետք է գումարվի հունիսի 11-ին․ «Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով»,- ասել է սրբազանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ գիշերը Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու քաղաքացու, որոնք ազատ են արձակվել առավոտյան ժամը 5-ի սահմաններում:

Մեկնաբանել