Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Համացանցում ակտիվ տարածվում է նոր տեսակի խարդախություն՝ գովազդային հրապարակումների միջոցով քաղաքացիներին առաջարկվում է վերադարձնել կասկածելի ներդրումներում կորցրած իրենց դրամական միջոցները։ Սակայն պարզվում է՝ իրավական անվճար օգնություն առաջարկող այս «իրավաբանները» ևս խարդախներ են։

Սոցցանցերում Եվրախորհրդարանի անունից տարածվում են գովազդային հրապարակումներ, որոնցում իրավական անվճար օգնություն է խոստացվում կեղծ ներդրումներից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիներին։ Հրապարակումներում նշվում է, թե Եվրախորհրդարանը իբր հատուկ հանձնաժողով է ստեղծել Հայաստանի քաղաքացիներին օգնելու համար և «սկսել է միջոցներ հատկացնել տուժածներին…»։

#CivilNetCheck-ը գնացել է այս հայտարարությունների հետքերով և պարզել, թե ինչպես են գումար կորցրած հայաստանցիները կրկին խաբվում՝ հայտնվելով կեղծ իրավաբանների թիրախում։

Կեղծ իրավաբանները ներկայանում են Եվրոպական հանձնաժողովի անունից

Ֆեյսբուքյան գովազդները տեղադրող էջը նմանակում է Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ 2001-ին ստեղծված ֆինանսական ծառայությունների ոլորտը կարգավորող FIN-Net համակարգին։ Էջը պաշտոնական տեսք ունի, ինչը կարող է մոլորեցնել մարդկանց։

Կորցված գումարը վերադարձնել խոստացող գովազդը տանում է Rightsguardiansllp.org կայք, որտեղ նշվում է, թե նախագիծը իբր ստեղծվել է Եվրոպական խորհրդի և Եվրոպական խորհրդարանի որոշումների հիման վրա։ Այս կեղծ կայքը նույնպես նմանակում է Եվրահանձնաժողովի FIN-Net ցանցի պաշտոնական կայքին։

Կեղծ կայքը (արխիվացված) Հայաստանի քաղաքացիներին խոստանում է վերադարձնել կորցրած դրամական միջոցները։

ԵՄ-ից դրամական միջոցների վերադարձի համար կայքում առաջարկվում է հայտ լրացնել՝ տրամադրելով կոնտակտային տվյալներ, տեղեկություններ կորցրած գումարի չափի մասին և այլ մանրամասներ։

Զանգեր արտերկրից՝ «եվրոպացի» իրավաբանները պատրաստ են օգնել

Կայքում հայտը լրացնելուց ժամեր անց արտերկրից զանգ ստացանք Լեհաստանում գրանցված հեռախոսահամարից։ ԵՄ-ի FIN-Net ցանցի իրավաբան ներկայացած զրուցակիցը վարժ ռուսերենով խնդրեց մանրամասն ներկայացնել դեպքը՝ թե որքան, երբ և ինչպես եմ կորցրել դրամական միջոցներս։

Ռուսալեզու «իրավաբանը», լսելով մեր հորինած պատմությունը գումարի կորստի մասին, պահանջեց Telegram-ի միջոցով ուղարկել կորուստը հաստատող փաստեր՝ բանկային փոխանցման անդորրագրեր, անձնագրի լուսանկարներ, նամակագրություն խարդախ բրոքերի հետ և այլն։

Ստիպված եղանք դրամական միջոցների հորինված պատմությանը համապատասխան ապացույցներ ստեղծել։ Պահանջված փաստաթղթերի և ապացույցների տրամադրումից հետո մեզ տեղեկացրին, որ դեպքի առիթով «դրամական միջոցների վերադարձի վարույթ» է նախաձեռնվել, և շուտով մեզ հետ կապ կհաստատեն։

Ժամեր անց զանգ ստացանք Լեհաստանում գրանցված մեկ այլ հեռախոսահամարից: Իրավաբան-խորհրդատու ներկայացած տղամարդը պատմեց, որ նախաձեռնված վարույթով «դրամական միջոցների տեղաշարժի հետաքննություն» է իրականացվելու։ Նա վստահեցրեց, որ ծառայության համար կանխավճար չկա, պետք է վճարել կորցված գումարի ստացումից հետո։

Այնուհետև «իրավաբան-խորհրդատուն» հորդորեց կապը շարունակել Telegram-ի միջոցով և ցանկացած պարագայում ոստիկանությանը, այլ իրավաբանների և առհասարակ որևէ մեկին չպատմել այս մասին՝ գումարի վերադարձի գործընթացը չխաթարելու համար։

Լավ լուր՝ մեր փողերը գտնվել են Պանամայում

Երեք օր անց «իրավաբան-խորհրդատուն» կրկին զանգեց և ուրախալի լուր հայտնեց, որ իրականացված հետաքննության արդյունքում կեղծ ներդրումներում կորցված մեր գումարը հայտնաբերվել է Պանամայում՝ խարդախների կրիպտո-հաշիվներում։

Հաջորդ շաբաթվա ընթացքում՝ գրեթե ամենօրյա դարձած հեռախոսազանգերի ժամանակ, «իրավաբան-խորհրդատուն» պատմում էր ֆինանսական հետաքննության հաջող ընթացքի և առաջացած դժվարությունների մասին՝ ամեն անգամ հիշեցնելով գործընթացի գաղտնիությունը պահելու կարևորությունը։

Նամակագրությունը և զանգերը «իրավաբան-խորհրդատուի» հետ։

Երկրորդ «լավ լուրը»՝ մեր գումարը հնգապատկվել է և պատրաստ է վերադարձման

Մոտ երկու շաբաթ անց մեզ վերջապես հայտնեցին, որ դրամական միջոցները պատրաստ են վերադարձման։ Ավելին՝ իբր պարզվել է, որ մեր գումարով կատարված առքուվաճառքների արդյունքում դա իբր հնգապատկվել է՝ 1000 դոլարից դառնալով 5130 դոլար։

Ռուսախոս «իրավաբանի» փոխանցմամբ՝ Եվրոպական արբիտրաժային դատարանը արդեն նույնիսկ հաստատել է կրիպտո-հաշիվներից այդ գումարի առգրավման և մեզ վերադարձի որոշումը։ Որպես ապացույց նա մեզ տրամադրեց անվանական կրիպտո-հաշիվ, որտեղ առկա էր նշված գումարը։

Խարդախների կողմից հատուկ մեզ համար բացված անվանական կրիպտո-հաշիվը։

Սակայն պարզվում է, որ մեր հաշվին գումարը ուղիղ հնարավոր չէ փոխանցել։ «Իրավաբան-խորհրդատուի» պարզաբանմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում կրիպտոարժույթներն օրենքով կարգավորված չեն, և իրենք չեն կարող «հակաօրինական դրամական փոխանցում» կատարել։

Մեզ առաջարկվեց լուծում՝ կրիպտոարժույթը փոխանակել դրամի՝ փոխանակման առցանց հարթակներից մեկում։ Իսկույն գրեցինք իրենց առաջարկած փոխանակման հարթակին։ Շուտով ակնհայտ դարձավ, որ գործ ունենք նույն խարդախների հետ, որոնք գործում են մեր «իրավաբան-խորհրդատուի» հետ։

Պարզվում է՝ մեր հաշվին գումարի փոխանցման «վերջնական հաստատման» համար պետք է վճարել «ցանցային վճար»՝ 513 դոլար, որը փոքր է թվում իբր ստացվելիք` 5130 դոլար գումարի համեմատ։ Ընդ որում՝ փոխանցվող գումարից այդ վճարը չի կարող հանվել, այն պարտադիր պետք է նախապես վճարել։

Մենք հրաժարվեցինք փոխանցել պահանջվող 513 դոլարը, ինչից հետո սկսեցինք զանգեր ստանալ և՛ կեղծ իրավաբան-խորհդատուից, և՛ կրիպտոարժույթի փոխանակման կեղծ հարթակից։ Նրանք հորդորում էին ավարտել գործընթացը և փոխանցել վճարը։

Մեզ չհաջողվեց նույնականացնել եվրոպական երկրների գրանցմամբ բջջային հեռախոսահամարները, որոնցից մեզ զանգահարում էին զեղծարարները։ Սակայն զեղծարարների ֆեյսբուքյան էջի թափանցիկության բաժնում նծված է, որ այն ղեկավարվում է Ուկրաինայից։ Հայաստանում գործող մեդիա հետազոտողները ևս նկատել են, նմանատիպ էջերի ղեկավարման վայրը հաճախ է նշվում Ուկրաինան։

Ուշագրավ է, որ ֆեյսբուքյան այս էջը գովազդային հրապարակումներով թիրախավորում է նաև Լեհաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին։ Էջի կողմից վերջին մի քանի ամիսներին META-ի հարթակներում տեղադրված շուրջ երեք տասնյակ գովազդային հրապարակումների բյուջեն գերազանցում է առվնազն մի քանի հազար դոլարը։

Ի՞նչ կլիներ, եթե փոխանցեինք պահանջվող «ցանցային վճարի» գումարը

Ներդրումային և ֆինանսական խարդախությունների արդյունքում կորցված գումարի վերադարձ խոստացող կեղծ իրավաբաններն արդեն վաղուց են գործում այլ երկրներում և թիրախավորում քաղաքացիներին։

Հայաստանում նմանատիպ խաբեությունները առավել մեծ տարածում ստացել են վերջին տարիներին։ Առհասարակ՝ այս ձևի խաբեությունների ալիքը որպես կանոն հաջորդում է կեղծ ներդրումների և կրիպտո-խաբեությունների ալիքներին։ Փաստացի՝ կեղծ իրավաբանները թիրախավորում են կեղծ ներդրումներում արդեն իսկ գումար կորցրած քաղաքացիներին։

Խաբեության նման դեպքերը բացահայտող հրապարակումները հաստատում են, որ կեղծ իրավաբանների պահանջած գումարի վճարման դեպքում «իրավաբանները» անհետանում են, իսկ խոստացված գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ անել, եթե դարձել եք առցանց խաբեության զոհ

Եթե դուք արդեն կորցրել եք ձեր գումարը՝ կեղծ ներդրումների, կրիպտո-խաբեությունների կամ առցանց այլ զեղծարարությունների պատճառով, ապա համացանցում կասկածելի իրավաբաններից օգնություն փնտրելը սխալ է։ Փոխարենը պետք է դիմել Հայաստանում լիցենզավորված իրավաբանական կազմակերպություններին և ոստիկանությանը։

#CivilNetCheck-ը արդեն իսկ բացահայտել է Հայաստանի քաղաքացիներին թիրախավորող մեկ այլ ներդրումային խաբեության սխեմա։

Տես՝ Կեղծ ներդրումներ. «Գազրպոմ Արմենիա»-ի անունից խաբում են ու գումար կորզում

Մեկնաբանել