Հայաստանի պատճառով ՀԱՊԿ բյուջեն ճշգրտվում է․ Ռուսաստանի ԱԳՆ

ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտվում է, քանի որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։ Ընդ որում, ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա»,- նշել է գերատեսչությունը։

ՌԴ ԱԳՆ-ը պարզաբանել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել