ԱԺ խորհուրդը մերժեց կառավարության հրաժարականի հարցով արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը

Ազգային ժողովի խորհուրդը մերժել է կառավարության հրաժարականի ուղերձի հարցով ավելի վաղ արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը։ Այդ մասին հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Ընդդիմությունն ուղերձի նախագծով արտահերթ նիստի առաջարկ էր ներկայացրել, որն իրավունքի ուժով պետք է գումարվի հունիսի 17-ին։ Առաջարկ կար, որ դա տեղի ունենա ավելի շուտ, խորհուրդը չընդունեց այդ առաջարկը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդի իր կազմով դեմ քվեարկեց նախագծին»,- հայտնեց նա։

Կոնջորյանի խոսքով՝ ՔՊ-ն կառավարության հրաժարականի «օրակարգ չունի»։

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ-ի խորհրդին միջնորդություն էին ներկայացրել կառավարության հրաժարականի ու նոր կառավարության ձևավորման ուղերձի պահանջով արտահերթ նիստ գումարելու համար։ Եթե խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, օրենքի ուժով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Մեկնաբանել