Խաղաղության պայմանագրի նախագիծը վերջանականացնելու իրական հնարավորություն կա․ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու իրական հնարավորություն կա, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի մասնակցությամբ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն ԱՄՆ շարունակական աջակցության կարևորությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների ընդլայնված գործընկերությունը «ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը»։

«Այսօր մենք մեր օրակարգում քննարկում ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ»,- ասել է նա։

Արարատ Միրզոյանը նաև հայտարարել է, որ հայկական կողմը ցանկանում է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցելու փոխգործակցությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը օրերս հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ այն «բավականաչափ հասունացած է ստորագրման համար»։

Մեկնաբանել