Ընդդիմադիր ո՞ր պատգամավորները չեն միացել կառավարության հրաժարականի ուղերձի նախագծին

Գևորգ Թոսունյան

Հունիսի 10-ին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Ազգային ժողովի խորհրդին միջնորդեցին «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծն արտահերթ նիստում քննարկել: Ընդդիմադիրները խնդրել էին այն քննարկել այսօր՝ հունիսի 11-ին, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ էր արտահայտվել, ուստի օրենքի ուժով նիստը կգումարվի հունիսի 17-ին։

Արտահերթ նիստ անցկացնելու համար ընդդիմադիր խմբակցություններին հաջողվել էր ստանալ 33 ստորագրություն։ Թեև այս նախաձեռնության համար անհրաժեշտ էր առնվազն 27-ը։ Միջնորդությունը հրապարակված է Ազգային ժողովի կայքում։

ՍիվիլՆեթն այս փաստաթղթի ուսումնասիրությունից պարզեց, որ նախաձեռնությանը չեն միացել «Պատիվ ունեմ» խմբակցության երկու պատգամավոր՝ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը։ Ի դեպ, ստորագրողների ցանկում չկա նաև որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Իշխան Զաքարյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան ասաց․ «Կան պատգամավորներ, որոնք ֆիզիկապես՝ հուղարկավորությանը մասնակցելու պատճառով, չեն կարողացել մարզից գալ Երևան»։

Այս նախաձեռնությունը, սակայն, որևէ ձևով չի հանգեցնում վարչապետի ու կառավարության հրաժարականին, եթե անգամ ուղերձն ընդունվի։ Այդուհանդերձ ՔՊ-ն հայտարարել է, թե չի միանա քննարկմանը, ինչը նշանակում է, որ ուղերձը չի ընդունվի։

Համաձայն Ազգային ժողովի կանոնկարգ սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Մայիսի 9-ին, սակայն, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր երկու ուժերը համաձայնել են ոչ թե ուղերձ ներկայացնել, այլ սկսել անվստահության գործընթաց։ Այս դեպքում ընդդիմությանը հարկավոր է առնվազն 36 ձայն։

Ընդդիմությունը խոստանում է, որ բոլոր իրավական գործիքները փորձելու են, այդ թվում՝ անվստահության, սակայն դրա համար անհրաժեշտ ձայներ, դատելով ստորագրողների քանակից, պարզապես չունեն։ Ընդ որում, այդ ձայները հարկավոր են լինելու անվստահության նախագիծը Ազգային ժողովի օրակարգ բերելու համար, իսկ ընդունելու պարագայում անհրաժեշտ են լինելու ՔՊ-ականների ձայները։ Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ընդդիմությունը ստանալու ՔՊ-ի պատգամավորների քվեները, եթե սեփական ձայները չի կարողանում միավորել մի նախագծի շուրջ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել