Թուրքիայի կողմից քայլեր չենք տեսնում Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ․ Ռուբինյան

Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ թուրքական կողմից քայլեր չենք տեսնում, բայց հույս ունենք, որ պայմանավորվածությունները կկատարվեն։ Այդ մասին հունիսի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Խոսքը 2022-ի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք, անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,- նշեց Ռուբինյանը։

Նա տեղեկացրեց, որ կա պայմանավորվածություն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև նոր հանդիպում անցկացնելու շուրջ, բայց ժամկետը հստակ չէ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի կառավարությունը 733 միլիոն դրամ է հատկացրել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, մաքսակետ կառուցելու նպատակով։ Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մաքսակետը պատրաստ է շահագործման։

Մեկնաբանել