Գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ

Հայաստանի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար Պիեր Շիլլի հետ։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հանդիպումը կայացել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում։

«Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

Մեկնաբանել