Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։

Ռուսաստանի օրը պետական տոն է, որը նշվում է ավելի քան 30 տարի: 1990-ի հունիսի 12-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌՍՖՍՀ) ժողովրդական պատգամավորներն իրենց համագումարներից մեկում ընդունեցին Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: Ռուսաստանում օրը ոչ աշխատանքային է:

Մեկնաբանել