Ղարաբաղին ուզում ես «Արցախ» ասա, ուզում ես՝ մի ասա, միևնույն է՝ այդ անունը օրեցօր հեռանում է պետության համաբարբառից, ու միայն մի ահռելի վիհ է մնում այն մարդկանց մեջ, ովքեր կապ ունեն այդ երկրի հետ կամ օժտված են երկարատև հիշողությամբ։
Դժվար է մի դեպք հիշել, երբ դրսից եկած որևէ մեկը՝ անվանի գիտնական, բժիշկ, հանրահայտ դերասան, մեծ գրող, շարքային քաղաքացի, հայտնվեր Արցախում ու չզգար իր վրա տեղացիների ամենակուլ զննող հայացքը, ձեռ առնելը, նմանակելն ու մականուն կպցնելը։
Այդ մեկ մարդը Մոնթեն էր՝ Ղարաբաղի բարբառով՝ Ավոն։
1993-ի սեպտեմբերին՝ Աղդամի գրավումից մեկ ամիս անց, երբ եկա Ղարաբաղի Մարտունի,- ինձ, ում վերջին անգամ տեսել էին պատերազմից առաջ ու հիմա պետք է արագ, հևիհև պատմեին պատերազմի օրերի մասին, կյանքի մասին, որ եղել էր պատերազմի ժամանակ, կարևորագույնի մասին, որ ես բաց էի թողել,- բոլորը պատմում էին միայն Մոնթեից՝ Ավոյից։ Ցույց էին տալիս նվերները, որ Մոնթեի կին Սեդան էր բերել։ Մատնացույց էին անում աթոռը, որի վրա նստել էր Մոնթեն, մահճակալը, որի վրա քնել էր մի երկու ժամ, բառը, որ արտասանել էր իրենց համար անհասկանալի ձևով։ Ու այնքան հոգածությամբ էին պատմում նրա դժվար ըմբռնելի հայերենի մասին, նրա կոշտ բառերի մասին, ծիծաղելու ձևի մասին, որ ես վերջերս եմ զարմանքով հասկացել, որ Մոնթեին երբեք չեմ տեսել իրական կյանքում։ Ինձ միշտ թվացել է, որ շատ եմ տեսել։
Մոնթեն զոհվեց 1993-ի այս օրը՝ հունիսի 12-ին։
Նրան հրաժեշտ տալու օրը Սպայի տանը, որն այսօր չկա արդեն, ահռելի հերթ էր։ Առաջին անգամ այդ օրն էր, որ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր։ Սոսկալի շոգ էր, բայց ոչ ոք չէր շոգում։ Անծանոթ մարդիկ հեկեկալով գալիս-անցնում էին Մոնթեի կողքով։ Հայաստանի հայերը, հայաստանցիները գալիս էին հրաժեշտ տալու այն մեկին, որի գլխավորության շնորհիվ Ղարաբաղի Մարտունին կարողացավ մնալ հայկական մինչև մեր հանճարեղ ներկան։
Այդ օրը չէր կարող լինել ղարաբաղցի-հայաստանցի, որովհետև դեռ պատճառ չկար։ Զարհուրելի պատերազմը անգամ պատճառ չէր դարձել, որ ասեն՝ հայաստանցի-ղարաբաղցի։
Ես երբեք չեմ հանդիպել նրան, բայց չգիտեի, որ չեմ հանդիպել։
Վերջերս Ղարաբաղից եկած իմ տխուր բարեկամներից մեկը պատմեց, որ ամենածանր օրերին, երբ Մոնթեն կատաղած մտնում էր մարդկանց տներն ու ստիպում հանել պահած վառելիքը, մեքենան, տրակտորը, կոպիտ էր խոսում, որ փորձի ոտքի կանգնեցնել բոլորին, հասկացնել, որ պիտի տան ինչ ունեն, ու գյուղացի մի տարեց մարդու բարկացած հարցնում է՝ տղադ ուր է։ Տղամարդը ափերից դուրս եկած ասում է․ «Արա, քու հյար գյուդո՞ւմ ա տու շտեղըս։ Հինգիդամ շտեղ ա» (քո հայրը գիտի՞ դու որտեղ ես։ Ես ի՞նչ իմանամ՝ ուր է)։
Ասում է՝ պատերազմի օրերին, նույն ժամին դուրս էինք գալիս գյուղի ճանապարհին կանգնում, որ դիրքերից իջնող մեքենաները դիմավորենք։ Ու մեքենաները միշտ աղմուկով էին իջնում, մեր հարազատների աղմուկն էր, հարայ-հրոցը, երգը։ Հունիսի տասներկուսին մեքենաները իջնում էին, բայց ձայն չկար։ Կանայք կանգնած էին ճանապարհին ու հասկանում էին, որ զոհ ունենք՝ մեքենաներն անձայն են իջնում։ Մեքենաները հասան, Ավոն զոհվել էր։
Պետության համաբարբառից ամեն օր հեռացող Արցախն ու բոլոր այս իրադարձությունները, որոնք եղան մեր դժվար կյանքում, այլ ընթացք էին ունենալու, եթե մեկ այլ հունիսի տասներկուսի ամեն ինչ մնար այնպես, ինչպես կար․ 1921-ի հունիսի 3-ին բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում էր ընդունել․ «Հայկական կառավարության հայտարարության մեջ մատնանշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու մասին»։ Որոշման համաձայն՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը՝ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ, հունիսի 12-ին ընդունել է համապատասխան հայտարարություն-որոշում․ «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի ԽՍՀ-ների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»։
Ինչքան էլ պատմությունը եթե-ներ չսիրի, այն այլ էր լինելու, եթե․․․