Ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակների կիրառմանը, հայտարարել է, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ։ Նրա խոսքով՝ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։

«Ամենայն հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը, պաշտպանել Հայաստանի պետականությունը»,- հունիսի 13-ին բյուջեի կատարողականի ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների սադրիչները» պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Նա տեղեկացրեց, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի։ Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար։

Հունիսի 12-ի երեկոյան ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում հավաք իրականացնող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների դեմ։

Մեկնաբանել