Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ Փաշինյան

«Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»․ հունիսի 13-ին 2023-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Մինսկ չայցելելու որոշումը կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ «Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինի»։

Մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։

Մեկնաբանել