Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու համար Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը։ Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում մենք հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունը։

Հունիսի 12-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Ըստ ձեզ հաջորդ քայլը ո՞րն է, կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա, գնում ենք դեպի իրական Հայաստան»։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել